Հասմիկ Պողոսյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական ​​ մտավորականության 9-րդ համաժողովին

Մոսկվայում դեկտեմբերի 15-17-ն անցկացվել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական ​​մտավորականության 9-րդ համաժողովը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է Հումանի­տար համագործակ­ցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության անդամ և ԱՊՀ անդամ պետությունների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախա­րար Հասմիկ Պողոսյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովը բացվել է լիագումար նիստով, որին հաջորդել են «Գիտություն և կրթություն», «Միջմշակութային երկխո­սու­թյուն», «Երիտասարդության դերի բարձրացումը պատմամշակութային ժառան­գության պահպանման և մշակութային տուրիզմի զարգացման մեջ», «ԶԼՄ-ների դերը միջմշակութային երկխոսության ամրապնդման գործընթացներում ԱՊՀ տարածաշրջանում» թեմաներով կլոր սեղանները:

Լիագումար նիստը վարել է ՌԴ Նախագահի հումանիտար հարցերով հատուկ ներկայացուցիչ՝ ՀՀՄՀ համանախագահ Միխայիլ Շվիդկոյը:

Նիստը բացվել է ՌԴ Նախագահի ողջույնի ուղերձով, ապա, ելույթ են ունեցել ՀՀԽ նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, ՀՀՄՀ նախագահ Փոլադ Բյուլբյուլօղլին, համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարները: Որպես հա­յաս­տան­յան պատվիրակության ղեկավար` ելույթ է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը: Պլենար նիստի ընթացքում կայացել է «Համագործակցության դեբյուտներ» մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր ԱՊՀ-ում 2013թ. հայտարարված Էկոլոգիայի տարվան: Հայաստանից մրցանակի արժանացել է Լիանա Մարգարյանը:

Համաժողովի ընթացքում կայացել է նաև 2015թ. «Մշակութային մայրաքաղաքներ» հայտարարված Կուլյաբ և Վորոնեժ քաղաքների շնորհանդեսները:

Համաժողովն ավարտվել է ամփոփիչ փաստաթղթի ընդունմամբ:

Համաժողովի ընթացքում գործում էր «Համագործակցության աստղեր»-ի և «Համագործակցության դեբյուտներ»-ի մրցանա­կա­կիրների և իրականացված միջոցառումների մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսը:

Դեկտեմբերի 17-ին, ՀՀՄՀ Գործադիր տնօրինության կենտրոնակայանում կայացել է ՀՀՄՀ և ՀՀԽ համատեղ նիստը, որտեղ քննարկվել են ՀՀՄՀ ծրագրային գործունեության և Գործադիր տնօրինության աշխատանքների բնականոն ապահովման հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում