Դոլարի թանկացման հետեւանքով մեկ օրում 94 տնտեսավորող ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից դեկտեմբերի 15-ից տնտեսավարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից փոխարժեքի տատանումների պատճառով գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով տարածված այն լուրերին, թե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, մեծ քանակությամբ տնտեսավարողներ դադարեցրել են գործունեությունը:

Փոխնախարարի պարզաբանմամբ` այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: «Դեկտեմբերի 16-ի և 17-ի դրությամբ որոշ տնտեսավարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` ևս 8-ը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսավարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է:

Նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին և 18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր է դրված եղել, առանձին դեպքերում նաև գնաճ է արձանագրվել, բայց դեկտեմբերի 18-ի երկրորդ կեսին և 19-ին դաշտն արդեն կարգավորվել է և կայունացման ֆոնին լայն սպառման ապրանքների շրջանում դադարեցվել է նաև գնաճի միտումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում