Վալերի Մեժլումյանն անտեղի է համարում Թեղուտի հանքավայրի շահագործմանն ուղղված քննադատությունները

«Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեժլումյանը Թեղուտի հանքավայրի շահագործումը Հայաստանի տնտեսության առաջընթացի համար լուրջ քայլ է համարում: Թեղուտի հանքավայրում լրագրողների հետ զրույցում Վալերի Մեժլումյանը նշեց, որ հանքի շահագործումը շատ կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսությունը զարգացնելու և առաջ տանելու տեսանկյունից: «Ճիշտ է, մեզ շատ հաճախ քննադատում են այս հանքավայրը շահագործելու համար, սակայն մենք պետք է հասկանանք, որ զարգանալու լուրջ հնարավորություն ունենք: Այսինքն` այն մարդիկ ովքեր շատ հաճախ մեզ քննադատում են, պատկերացում էլ չունեն ծանր արդունաբերության մասին և մեզանից էլ շատ մտահոգված չեն բնապահպանական խնդիրներով: Բայց եթե նայենք նրանց, պետք է թողնենք ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ոնց որ հիմա իմ հարազատ Ծաղկաշատ համայնքում է, որտեղ ապրում են հազար տարի առաջվա ապրելակերպով: Բայց մենք հնարավորություն ունենք զարգանալու, ինչո՞ւ չօգտվենք այդ հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մեժլումյանը:

Նա ընդգծեց, որ շատ հաճախ են խոսում այն մասին, որ Թեղուտում հանքավայրի բացելուց հետո մեղուները տարածքից հեռանալու են: «Նրանք ասում են, որ եթե մենք հանքավայրը չբացեինք, կարող էին մեղրի արտադրություն հիմնել: Իսկ ո՞վ էր իրենց խանգարում 5 տարի առաջ, 25 տարի առաջ մեղրի արտադրություն սկսել: Այսինքն, շատ քննադատողներ կան, սակայն ոչ մեկ չի մտածում, թե ինչ կարելի է անել առաջընթացի համար»,- ասաց Մեժլումյանը:

Նա հպարտությամբ նշեց, որ Հայաստանում դեռ կան ոլորտներ, որ հայ ձեռնարկատերերը կարողանում են գործունեություն ծավալել՝ ներդնելով լավագույն տեխնոլոգիաքները և սարքավորումները: «Չնայած այն բանին, որ մենք շատ բան ունենք սովորելու, սակայն մենք հանքաքարի արտադրության բնագավառում աշխարհի առաջատարներից մեկն ենք թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե սարքավորումների օգտագործման տեսանկյունից»,- նշեց նա:

Մեժլումյանն ընդգծեց, որ, ըստ հաշվարկների, ընկերությունը տարեկան 170-180 միլիոն դոլարի եկամուտ է ունենալու: «Դա հիմնականում կախված կլինի նրանից, թե պղնձի գներն ինչպիսին կլինեն միջազգային շուկայում: Եթե բարձր լինեն, շահույթն ավելի շատ կլինի, եթե ցածր լինեն՝ ավելի քիչ»,- ասաց նա:

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Մեժլումյանի խոսքով՝ կառուցված է 12-15 միլիոն տոննա հանքաքարի արտահանման և վերամշակման համար: «Սակայն մենք սկսում ենք 7 միլիոնից, և 5-6 տարի հետո շուրջ 80-100 միլիոն դոլար ներդրումներ կատարելու եղանակով մենք իսկապես կկարողանանք ավելացնել մեր հզորությունը՝ հասնելով նախատեսված չափանիշներին»,- նշեց նա՝ հավելելով, որ հանքավայրի արտադրանքի հիմնական մասն արտահանվելու է Եվրոպա:

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնում է «Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը: Այն հիմնադրվել է «Վալլեքս» խմբի կողմից 2006թ. մայիսի 22-ին: Պաշարների մեծությամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է շուրջ 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար՝ 1.6 միլիոն տոննա պղնձի և 99 հազար տոննա մոլիբդենի պարո ւնակությամբ:

Վալերի Մեժլումյանն անդրադարձավ նաև աշխատավարձերին՝ ընդգծելով, որ ամենացածր աշխատավարձը կլինի 200 հազար դրամի սահմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում