Դամասկոսի թեմի առաջնորդը կարևորել է Սիրիայի ժողովրդի դերը Մեծ եղեռնի տարիներին

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման ժամանակ իր երախտագիտությունն է հայտնել նախագահին` ընդունելության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սրբազանն իր խոսքում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և կարևորել Սիրիայի արաբ ժողովրդի մարդասեր և փրկարար դերը Մեծ եղեռնի տարիներին:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը դեկտեմբերի 21-ին ընդունել է իսլամ և քրիստոնյա կրոնական առաջնորդներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք նախագահին էին այցելել Կրոնի նախարարության ամենամյա համաժողովից հետո: Հանդիպման ընթացքում նախագահ Ասադը նշել է, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն ազգային և պատմական մակարդակում և արտացոլում են սիրիական հասարակության ուժն ու միասնականությունը իրենց ողջ կրոնական և էթնիկ հարստությամբ, ինչը հայրենիքի տոկունության հիմքերից մեկն է դաժան պատերազմում:

Ասադը նաև նշել է, որ սիրիացիների գիտակցումը, թե ինչ է իրականում կատարվում Սիրիայում, նոր դռներ է բացում կրոնական գործունեության համար, ինչը պետք է ուշադրության կենտրոնում պահի տարբերությունները ոչնչացնող ֆանատիզմի և իրական իսլամի միջև, որը հիմնված է բարոյականության, սիրո, համագործակցության և հանդուրժողականության վրա:

Նախագահը կարևորել է դրանց դերն ազգային հաշտեցման ամրապնդման հարցում:

Մասնակիցներն իրենց հերթին հավաստիացրել են, որ Սիրիան կմնա մշակութային բազմազանության, ազգի միասնականության և ահաբեկչության դեմ պայքարի վառ օրինակ, որը մերժում է ազգին օտար ծայրահեղական գաղափարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում