«Հարավկովկասյան երկաթուղին» եկող տարի 6.5 մլրդ դրամի ներդրում կկատարի Հայաստանում

Հայաստանի երկաթուղային համակարգի բարելավման համար «Հարավկովկասյան երկաթուղին» 2015 թվականին 6.5 մլրդ դրամի ներդրում կկատարի: Ներդրումները կուղղվեն երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնմանը, էներգամատակարարման, ազդանշային, կենտրոնացման, արգելափակման, կապի համակարգերի բարելավմանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նա նշեց, որ նույնքան ներդրում է կատարվել նաև 2014 թվականին, ինչի արդյունքում բարձրացվել է երկաթուղային ցանցի անվտանգությունը, և իրականցվել են արդիականացման աշխատանքներ: «Կարևոր խնդիր էր գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, ինչի համար ներդրվել է կայարանների հերթապահների և բոլոր լոկոմոտիվային բրիգադների ռադիոկապի համակարգն ամբողջ երկաթուղու տարածքում: Շահագործման են հանձնվել նաև Սանահինի մեքենայացված ուղեմասը և Ուսուցման ճանապարհային կենտրոնը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը:

Խոսելով հաջորդ տարվա անելիքների և ներդրումային ծարգրի մասին` Ռեբեցը տեղեկացրեց, որ, ներդրումային ծրագրի համաձայն, երկաթուղային բեռնափոխդրումների աճը 2015 թվականին կկազմի 0.9 տոկոս: «Տեղական հաղորդակցությունում ուղևորների աճը նախատեսվում է 0.6 տոկոս, իսկ միջազգային հաղորդակցությունում` 0.1 տոկոս: Հաջորդ տարվա համար ընկերության շահույթը նախատեսվում է 151.9 մլն դրամի չափով, իսկ աշխատավարձերը հաջորդ տարի նախտեսվում է հասցնել միջինը 201 հազար դրամի»,- նշեց Վիկտոր Ռեբեցը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրված կառավարիչն է: Ընկերությունը` որպես կառավարիչ, պարտավորություն ունի մինչև 2038 թվականը 174 մլրդ 559.9 մլն դրամի ներդրում կատարել: 2008-2014 թթ. ընկերության ներդրումները կազմել են 100 մլրդ 858.1 մլն դրամ, որից 6.5 մլրդ դրամը` միայն 2014 թվկանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում