Ամանորյա բնական եղևնիները թանկացել են 10 հազար դրամով

Եղևնիների բացօթյա վաճառքի համար մայրաքաղաքում այս տարի հատկացվել է մոտ 40 կետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչությունից: Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում թույլատրված վաճառակետերից առնվազն չորսում՝ Սարյան փողոցի, Բաղրամյան, Պռոշյան և Կասյան փողոցի վերջնամասում, արդեն սկսել են վաճառել բնական եղևնիներ:

Արդեն մի քանի տարի Հայաստանում արգելված է փշատերև ծառերի հատումն ազգային պարկերում կամ անտառածածկ տարածքներում։ Եվ այսօր ապօրինի հատված տոնածառերի վաճառքը գրեթե բացառվում է մայրաքաղաքում: Հայրենի հողում աճած եղևնիները կամ սոճիները բերվում են Սյունիքի և Լոռու մարզերում արդեն մի քանի տարի գործող տնկարաներից, սակայն Կասյան և Սարյան փողոցներում տեղեկայված վաճառակետերում վստահեցնում էին, որ վաճառվող բնական եղևնիները Հայաստան են ներկրվել միմիայն Գերմանիայից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ վաճառողներից, այս տարի բնական եղևնիների գները տատանվում են 60-120 հազար դրամի սահմաններում: Ի դեպ, այս տարի եղևնիների նախնական գինը նախորդ տարվա համեմատ աճել է 10 հազար դրամով. նախորդ տարի կարելի էր եղևնի գտնել նվազագույնը 50 հազար դրամով:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ այս տարի առ դեկտեմբերի 17-ը Հայաստան է ներկրվել ծննդյան տոների 285 ծառեր, 19 689 կգ փշատերև ծառերի ճյուղեր, և 283 կգ արհեստական ծաղիկներ և տոնածառեր:

Ամանորյա տոները բնական եղևնիով դիմավորելու սիրահարները, հատած ծառերից բացի, հնարավորություն ունեն իրենց տները զարդարել նաև կենդանի եղևնիներով, որոնց տոներից հետո ստիպված չեն լինի նետել աղբանոց: Զամբյուղում տնկված, արմատները՝ հողում տոնածառն կարելի է գնել կամ վարձակալել «Ապրող ծառ» քարոզարշավի շրջանակում, որն իրականացնում են Երևանի կենդանաբանական այգին և WWF-Հայաստանը: Ապրող ծառի վարձակալությունը երկու անգամ ավելի էժան է, քան հատածներինը՝ կազմելով 30 հազար դրամ, ներառյալ անվճար առաքումը: Իսկ ցանկության դեպքում կենդանի ծառերը հնարավոր է նաև գնել:

Ապրող ծառ գնելիս կամ վարձակալելիս տրամադրվում են տեղեկատվական թերթիկներ՝ ծառի ճիշտ խնամքի վերաբերյալ մանրամասներով: Եվ արդեն վարձակալված ծառերը վերադարձի ենթակա են 2015թ. հունվարի 15-ից հետո: Ի դեպ, նախագծից ստացված ողջ հասույթը, կազմակերպիչների հավաստմամբ կուղղվի կենդանաբանական այգու կենդանիների կենսապայմանների բարելավմանը:

Արհեստական եղևնիներ կարելի է գտնել խանութներում և տոնավաճառներում: Դրանց գները, կախված բարձրությունից և ճյուղերի փարթամությունից, այս տարի տատանվում են 10-200 հազար դրամի սահմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում