Թուրքիայի դեմ մեղադրանքները մեծանում են

Երեք օր առաջ Գերմանիայի դաշնային դատախազությունը տեղեկություն էր տարածել երեք թուրք քաղաքացիների ձերբակալության մասին: Նշվել էր, որ թուրք քաղաքացիները կասկածվում են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության հետ համագործակցելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական «Բիլդ» թերթում այդ առնչությամբ հրապարակված հոդվածում ասվում է, որ ձերբակալվածների մեջ Մուհամեդ Թահա Գ. անունով անձը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պաշտոնյա է, եւ պատկանում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր շրջապատին:

Այդ առնչությամբ թերթի հետ զրույցում Գերմանիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մայերը իրադարձությունը գնահատել է որպես Եվրամիություն-Թուրքիա մերձեցումը Էրդողանի կողմից ռիսկի ենթարկելու գործողություն: Նա նշել է, որ այդ առնչությամբ կարեւոր է, որպեսզի Գերմանիայում Թուրքիայի դեսպանը բացտրությունների համար կանչվի երկրի արտաքին գործերի նախարարություն:

Միջազգային մամուլը խստորեն քննադատել է անցած շաբաթ օրը Անկարայում մոտ 100 մարդկանց ձերբակալությունը, որոնք ցույց էին կազմակերպել ի պաշտպանություն երկրում աշխարհիկ կառուցվածքի: Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ոստիկանությունը հավաքվածների դեմ արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ է կիրառել:

Ցուցարարները դեմ են հանդես եկել դպրոցներում կրոնական կրթությունը պարտադիր դարձնելու Էրդողանի որոշմանը: Իշխող ԱԶԿ-ն նման պարապմունքների անցկացման անհրաժեշտությունը բացատրում է իսլամական ծայրահեղականության դեմ պայքարով: Թուրքական հասարակության առաջադեմ հատվածը երկյուղում է, որ Էրդողանը երկիրը տանում է իսլամացման:

Ընթացիկ դեկտեմբերի կեսերին Թուրքիայում ԶԼՄ-ների աշխատակիցների զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք նույնպես ուղեկցվել են ձերբակալություններով: Հատուկ գործողությունների արդյունքում Թուրքիայում ձերբակալվել են ԶԼՄ-ների 24 աշխատակիցներ, այդ թվում «Զաման» թերթի գլխավոր խմբագիրը եւ Samanyolu հեռուստաալիքի տնօրենը, պրոդյուսերը եւ ռեժիսորը: Նրանց բոլորին արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետ համագործակցության մեղադրանք է ներկայացվել: Էրդողանը համարում է, որ ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող Գյուլենը Թուրք իայում իր գաղափարակիցներից կազմված «զուգահեռ կառույց» է ստեղծել` գործող կառավարությունը տապալելու համար:

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում