Տիգրան Կարապետյանը հավատում է Ծառուկյանին և վստահեցնում, որ Եռյակում էլ իրենց կարիքն են զգում

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հավատում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա փորձում է հասնել  ինչ-որ բանի, որի համար երկար ժամանակ պայքարում է:

«Ես չեմ հավատում, որ Ծառուկյանը  դա անում է հենց այնպես՝ անում է իր անձի, իր անվան համար: Բոլորս էլ այդպես ենք մոտենում հարցին: Եթե չհավատայի, չէի միանա եռյակին»,- շեշտեց նա՝ հավելելով, թե  չնայած  Եռյակի դանդաղկոտությանը,  միավորմանը  չհավատալուն  այլընտրանք չկա, իսկ դանդաղ գործունեությունն էլ  ժողովրդի պասիվությամբ  և պահանջատիրության բացակայությամբ է պայմանավորված:

Իսկ, թե  ինչու վերջին հանրահավաքին հարթակ չբարձրացավ, ԺԿ ղեկավարը նկատեց, թե տեղին չէր լինի ելույթ ունենալը, երբ մյուս ուժերի լիդերները ներկա չէին. «Առաջնորդները չէին եկել, հատուկ երթ էր նախատեսված: Այն հանրահավաքը չէր, որ պարունակում էր ելույթներ: Հարթակի փոխարեն ես ժողովրդի մոտ էի, նրանց հետ կանգնած էի»:

Կարապետյանն իրեն կարոտողներին խոստացավ, որ  շուտով ելույթ է ունենալու,  այն էլ Ազատության հրապարակում: 

Times.am-ի հարցին, թե որն է Ժողովրդական կուսակցության դերը Եռյակում կամ որքանով այդտեղ կա իրենց կարիքը, երբ Եռյակի հիմնադիր ուժերից «Ժառանգությունն» անգամ շատ դեպքերում ազդեցիկ կամ թելադրող դերակատարում չունի, իսկ ԺԿ-ն համարվում է մարդ-կուսակցություն, Տիգրան Կարապետյանը վիրավորվեց, վրդովվեց՝ հարցը համարելով սադրիչ.«Դուք վիրավորում եք իմ կուսակիցներին, մենք շտաբեր ունենք, քաղխորհրդի նիստեր ենք անում, իսկ դուք ասում եք մարդ-կուսակցություն: Ինչ վերաբերում է Եռյակում մեր կարիքը զգալուն, եթե չզգային, ապա ձեռք չէին մեկնի»:

Մեկ այլ լրագրողի հակադարձմանը, թե վերջին գնաճի ֆոնին որքանով էր տեղին Գագիկ Ծառուկյանի կողմից շքեղ հյուրանոցի բացումը, ԺԿ առաջնորդն արձագանքեց. «Չե՞ք ուզում, որ այս երկրում հարուստ մարդիկ լինեն: Հարուստ մարդ ա՝ հյուրանոց ա բացել, ինչ կա որ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում