ԻԼԻՊ-ը ձերբակալել է իր անդամ ադրբեջանցիներին

Սիրիայի եւ Իրաքի զավթած շրջաններում «Իսլամական պետություն` խալիֆայություն» հռչակած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը սիրիական Ռաքքա քաղաքում ձերբակալել է իր անդամ չորս ադրբեջանցի մարտիկների, որոնք փորձել են զինված խռովություն կազմակերպել եւ զավթել իշխանությունը «Իսլամական պետության» տարածքներում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է SalamNews լրատվական գործակալությունը` հղում կատարելով Twitter-ում ԻԼԻՊ-ի անդամների կայքէջին:

Ներկայում դավադրության մասնակիցները ձերբակալված են, եւ նրանց մեղադրում են զինված խռովության փորձի, փախուստի, կազմակերպության անդամների սպանության, ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու մեջ:

Երբ դավադիրները հասկացել են, որ իրենց պլանը բացահայտվել է, փորձել են փախչել Թուրքիա, սակայն, ձերբակալվել են ԻՊ մարտիկների կողմից:

«Իսլամական պետության» անվտանգության ծառայությունը տարածել է ձերբակալված ադրբեջանցիների հարցաքննության տեսանյութը, որոնք խոստովանել են իրենց մեղքը: Նրանց խոսքով` իրենց ջակատի ղեկավարը ադրբեջանցի գրոհային Էլվիրն է: Հարցաքննության ժամանակ խոստովանել են Աբուզեիր, Աբու Մարյամ, Աբու Յագուբ, Օմար մականուններով ադրբեջանցի գրոհայինները եւս:

Նրանք բոլորը հայտարարել են, որ Էլվիրն իրենց մեջ սկսել է տարածել այն գաղափարը, թե ԻԼԻՊ-ի ղեկավարությունը ճիշտ չի վարվում, եւ շատ շուտով այդ կազմակերպությունը ոչնչացվելու է ԱՄՆ-ի եւ քրդերի ուժերով: Այդ պատճառով հարկավոր է զավթել իշխանությունը, ինչպես նաեւ թալանել տեղական բնակչությանը, եւ հավաքելով փողերը, փախչել Թուրքիա:

«Սոցցանցերում տարածված տեսաժապավենի վերջում Ղուրանից մեջբերում է կատարվում` դավաճաններին մահապատժի ենթարկելու անհրաժեշտության մասին: Դա թույլ է տալիս ենթադրել, որ ձերբակալված ադրբեջանցիները մոտ ժամանակում մահապատժի կենթարկվեն», -հայտնել է ադրբեջանական լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում