Ծխող երեխայի մասնակցությամբ տեսանյութը խիստ մտահոգել է Օմբուդսմենին

Վերջին օրերին համացանցում տարածվել է տեսանյութ, որում տղամարդը ծխախոտ է առաջարկում մեկուկես-երկու տարեկան տղային, ով, հավանաբար, նրա երեխան է: Այդ փաստը Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարել, ով իր ֆեյսբուքյան էջում տարածել է այս գրառումը:

«Տեսանյութում երևացող անձանց վարքագիծը վկայում է, որ առաջին անգամ չէ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերվում, քանի որ նա հստակ տիրապետում է ծխախոտի օգտագործման ձևին և տղամարդու տված ծխախոտը սկսում է ծխել վարժ: Մինչդեռ, Ընտանեկան օրենսգրքի համաձայն, ծնողները պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված է գրառման մեջ:

Օմբուդսմենը նաև նշել է, որ խնդրի մասին գրություն է ուղարկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ակնկալելով, որ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի տեսանյութում առկա անձանց ինքնությունը պարզելու համար, ինչից հետո Օմբուդսմենը պետական այլ մարմինների հետ համատեղ կաշխատի երեխայի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում