«Դիտավորություն կլիներ, եթե Պուտինը հիշատակեր դրսում ՌԴ-ի ունեցած բոլոր բազաները և մոռանար Հայաստանինը». Կարեն Բեքարյան

Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով Times.am-ի հարցին «Եվրոպական ինտեգրացիա»  հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն ակնարկեց, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդամենը վրիպակ, սխալ է թույլ տվել, որ չի հիշել  Գյումրիում ռուսական բազայի մասին: Ըստ նրա՝ այստեղ դիտավորություն կարելի էր տեսնել, եթե Պուտինը հիշատակեր դրսում ՌԴ-ի ունեցած բոլոր բազաները և մոռանար Հայաստանինը, իսկ Ռուսաստանը ռազմաբազա ունի Սիրիայում, Աբխազիայում, Օսեթիայում և այլն:

Ինչ վերաբերում է Times.am-ի՝ Պուտինի ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող ելույթին և դրա հայաստանյան արձագանքին վերաբերող հարցին,  քաղաքագետը  շեշտեց, թե  մենք պետք է հավասարակշիռ մոտեցում ցուցաբերենք  նման դեպքերում՝ հիշեցնելով, որ ՌԴ-Արևմուտք հակամարտությունների ֆոնին Պուտինը փորձում է որոշակի խնդիրներ լուծել Թուրքիայի հետ մերձեցմամբ:

«Ռուսաստանն անում է իր շահերից բխող քայլեր, հիմա կարող են լինել բաներ, որոնք մեր ճաշակով չեն: Այստեղ չպետք է նեղացկոտ կեցվածք ընդունել: Ի վերջո, պետք է հիշել, որ մենք ոչ թե համայնք ենք, այլ պետություն»,-շեշտեց քաղաքագետը:

Անդրադառնալով 2015-ին թուրքական  քաղաքականությանը Ցեղասպանության 100-ամյակի ֆոնին, Բեքարյանը նկատեց, թե Թուրքիան Ադրբեջանին ցուցում է տալու անընդհատ սրել իրավիճակը  սահմանին, որպեսզի հնարավոր լինի միջազգային հանրության ուշադրությունը  շեղել 100-ամյակի միջոցառումներից: Մյուս կողմից Ադրբեջանը հյուրընկալելու է համաեվրոպական օլիմպիական խաղերը, ինչը մեծ ծախսեր է պահանջում, ուստի Ադրբեջանը մեծ նշանակություն է տալու դրան՝  փորձելով սահմանին չստեղծել քաոսային վիճակ և պահպանել ինչ-որ չափով  հանգիստ վիճակ:

«Այսինքն, եթե Թուրքիայի գործոնը բացասական լիցք տվողն է, ապա Ադրբեջանի գործոնը դրական լիցք տվողն է: Այս բոլոր գործոններով պայմանավորված է լինելու 2015-ը: Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի օգտագործելու իր հին գործոնները. Ալիևի մոտ որևէ կերպ չի փոխվելու ներքին սպառման և ներքին խնդիրների լուծման  համար ռազմատենչ հռետորաբանությունը»,-եզրափակեց Բեքարյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում