Սեյրան Օհանյանը մասնակցել է «ռուսական Պենտագոնով» Շոյգուի էքսկուրսիային

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրային կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների իր գործընկերների համար յուրօրինակ էքսկուրսիա է կազմակերպել ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում: Հյուրերի թվում է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական TVzvezda.ru-ն, հյուրերին և ՀԱՊԿ անդամներին ներկայացվել են տարբեր գերատեսչություններից ստացվող տեղեկատվության մշակման ժամանակակից համակարգերը, «Ռոսատոմ»-ը, Գլխավոր շտաբի հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոնը:

Վերոթվարկյալ նորագույն սարքավորումները ի վիճակի են մշակել տեղեկությունները կրկնակի ավելի արագ, քան ԱՄՆ զինված ուժերի «ուղեղային կենտրոնը»: Իսկ պահպանվող տեղեկատվության ծավալը Պենտագոնի հիշողության ծավալը գերազանցում է 19 անգամ:

Երեկոյան կսկսվի նիստ, որտեղ կողմերը կամփոփեն 2014 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կսահմանեն կազմակերպության խնդիրներն առաջիկա տարում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին մեկնել է Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նիստի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ա. Ռավկով? ? հետ, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարները կհաստատեն հայ-բելառուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում