Պատերազմը երբեք չի ավարտվել. փաթեթավորումն է փոխել՝ հայտարարվածից չհայտարարվածի, իսկ համացանցը վերջերս մոտեցրել

1994-ի մայիսին, երբ Ադրբեջանի խնդրանքով Ռուսաստանը ստանձնեց զինադադարի հաստատման  «սուրբ»  առաքելությունը  և  ստորագրվեց  Բիշքեկյան արձանագրությունը, պատերազմը   չավարտվեց,  ընդամենն ինչ-որ պահ ընդհատվեց, փաթեթավորումը փոխեց, փաստաթղթավորվեց՝   հայտարարվածից  չհայտարարվածի, այսինքն՝ ամրագրվեց, լեգիտիմացվեց  պատերազմի  չավարտված  լինելը, որտեղ օրինականացված  չէ պատերազմի արդյունքը, բնականաբար, հակամարտող կողմերից  յուրաքանչյուրը փորձում է  լուծել  սեփական խնդիրները և դրանք տեղավորել հետագայում  կնքվելիք հաշտության պայմանագրում: Մոտ 21 տարի առաջ  կնքվել է կրակի, ռազմական գործողությունների  դադարեցման համաձայնագիր, այլ հարց է, որ հաստատման պահից ի վեր Ադրբեջանը չի պահել իր իսկ  խնդրանքով  ձեռք բերված այդ պայմանավորվածությունը, այլ հարց է, որ հրադադարի ռեժիմի հաստատման փաստաթուղթը պետք է որոշակի պատժամիջոցներ սահմաներ, եթե տեղի ունենար խախտում: Մյուս կողմից՝ միջնորդները դարձյալ պիտի ասեին, թե  չեն կարող ասել, թե որ կողմն է եղել  խախտման նախաձեռնողը, ուստի…

Այս կարճ պատմական ակնարկն արեցի, որպեսզի հիշեցնեմ, որ պատերազմը չի ավարտվել, որ սահմանին այս 20-21 տարվա ընթացքում լարվածության սրացման և պիկային իրավիճակներ եղել են, գուցե, այդ ժամանակվա պիկայինը հիմա ոչ պիկային համարվեր, բայց այդ պահի համար դա լուրջ վտանգ էր դիտվում: Ասածս այն է, որ համացանցն ընդամենը ռազմական գոտուց մինչ անցած տարի հեռու լինողներին պատերազմի շունչն է մոտեցրել և նրանց թվում է, թե թշնամին նոր-նոր է հղփացել, լկտիացել: Ոչ, հարգելիներս, հրադադարից հետո  սահմանին տարեկան կտրվածքով շոշափելի մարտական կորուստներ ենք ունեցել, գերիներ, անհետ կորածներ: Ձեզ  ինչ է թվում՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ գլխատվեց պետությունը, թշնամին առիթից չի՞ օգտվել  և դիվերսիոն գործողությունների դիմել, դրան հաջորդած դժվարին տարիներին, օրինակ՝ 2008-ի հեղափոխական տարում, երբ   Ադրբեջանը փորձեց ընդլայնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները և  հայկական ստորաբաժանումներից լուրջ հարված ստացավ քիմքին: Շարունակեմ հիշեցումները՝  2010-ի հունիսի 18-ին ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովը մի խումբ դիվերսանտների հետ  գիշերը ներթափանցել է   ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված՝ Չայլու գյուղի մերձակայքից և գնդակահարել   քնած հայ 4 զինծառայողի, սակայն, նահանջի ճանապարհին հանդիպելով հերթապահություն տանող մեկ այլ զինվորի, մարտի է  բռնվել ու կնքել մահկանացուն: Այստեղ հայկական կողմը նաև 4 վիրավոր էր ունեցել:

Սեպտեմբերի 4-ի առավոտյան Ֆարիդ Ահմեդովը` երկու այլ դիվերսանտների հետ փորձել   է կրկնել Մուբարիզ Իբրահիմովի «հերոսությունը»՝  Ջրաբերդ  բնակավայրից մոտ 2 կիլոմետր արևելք: Սակայն, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները  Պաշտպանության բանակի մարտական հենակետում թողնելով մեկ դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա՝ ունենալով վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների` նրանցից մեկը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական, մյուսը` սակրավորային վաշտի հրամանատար էր:

Իսկ 2012 թ.-ի ապրիլի 26-ին Ադրբեջանը գնացել է սադրիչ մեկ այլ գործողության, այն է՝ հարձակում էր իրականացվել Այգեպար-Մովսես բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածով երթևեկող «Վազ-2107» մեքենայի վրա: Մեքենայում եղել էր 4 պայմանագրային զինծառայող, որից 3-ը մահացել էին, մեկին հաջողվել է փախչել, սակայն շոկային իրավիճակի արդյունքում՝ կորցրել էր խոսելու կարողությունը։

Միջադեպերից մի քանի օր անց, երբ դեռ թարմ էին արյան հետքերը, ԵԱՀԿ ներկայացուցիչներն եղան դեպքի վայրում, այնուհետ` Բերդի ռազմական ոստիկանությունում: Նրանց մանրազննին ներկայացվեց, թե ինչպես է կատարվել հակառակորդի կողմից սադրիչ գործողությունը։ Նշվեց, որ բացի ինքնաձիգներից հակառակորդն ունեցել է նաև նռնակներ, որոնք գործի է դրել։ Ավելին` հենց իրենք անձամբ մանրակրկիտ զննեցին հարձակման ենթարկված մեքենան, տեսագրեցին և նկարահանեցին այն,  բայց լղոզված հայտարարություններից այն կողմ չանցան, ինչն այսօրվա հոդվածի «կարմիր գիծը» չէ:  2013-ի և ընթացիկ տարվա ադրբեջանական ռազմական լկտիության դրսևորումների և դրանց հետևանքների մասին, թերևս, հիշեցման կարիք չկա:

Աշխարհաքաղաքական վերաձևավորումներ են գնում, նոր մարտահրավերներ և դրան զուգահեռ թշնամին փորձում է նոր հնարքներ բանեցնել՝ պարտություն կրելով հնացած մեթոդներում, բայց դա չի նշանակում, որ պատերազմի վտանգը նոր-նոր է մոտենում, այն երբեք չի հեռացել, այլ հարց է, թե դա երբ և ում ձեռքով հայտարարված պատերազմի կվերածվի: Յուրաքանչյուր կյանք մեզ համար թանկ է, դա մեր արյունակից և ոչ արյունակից եղբոր, որդու, ծնողի կյանքն է, բայց սա է դառը իրականությունը, որին նույնիսկ այս դեպքում մենք այնքան էլ մոտ չենք կանգնած, քան հայ զինվորն ու սպան և ոչ թե, որ դա բառ առ բառ չի պատմվում, այլ որովհետև գործողությունների վայրից հեռու լինելով չենք կարող պատկերացնել  մեր դեմ և մեր կողմից ամբողջական արվածը: Մյուս կողմից՝ մենք թվով քիչ ենք և յուրաքանչյուր մարդկային մարտական հաշվարկի խաթարում և կորուստ,  էլ ավելի է բարդացնում առանց այն էլ «փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» բանաձևը:

Այլ բան է, որ դա մյուս կողմից այնքան էլ հպարտանալու բան չէ, քանի որ հաշվի առնելով չավարտված պատերազմը, մեր աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, պետք է փորձեինք փոքր ուժեր-մեծ խնդիրներ բաժանարար գիծը կրճատել՝ թույլ չտալով արտագաղթ, խթանելով ծնելիությունը, բազմազավակ ընտանիքներին աջակցելով, զարգացնելով տնտեսությունը և նաև այնպիսի երևույթի դեմն առնելով, երբ մի քանիսը պալատներ, ապարանքներ են կառուցում, իսկ հայ զինվորը փամփուշտային շռայլություն իրեն չի կարողանում թույլ տալ և առավել լարվում, որ այն չվրիպի: Մինչդեռ կարելի էր բարի կամք դրսևորել և ամսվա կտրվածքով գոնե 10-ը փամփուշտ գնել՝ օգնելով բանակին: Այսքանից հետո բանակն իր գործն անում է լավ, երբեմն՝ իր կարողություններից ավելին:

Այլ հարթությունում բանակում  խնդիրներ կան, իհարկե, որոնք կարող էին չլինել, բայց այն, որ այսօր կադրային սպաները գերիշխում են և նրանց հանգիստ կարելի է նախահարձակ լինելու ազատություն տալ՝ լավ իմանալով, որ չեն տրվի անհաշվարկ զգացմունքներին, դա փաստ է: Այս մասին բանակի օրվա առիթով հանդես կգամ հոդվածով՝ ցույց տալու, որ բռնել ենք գիտելիքահենք բանակ ունենալու ճանապարհը, իսկ կրթված և ինքնահաստատվելու խնդիր չլուծող սպայի հետ ավելի հեշտ է լեզու գտնել: Մինչ այդ կրկնեմ և ամփոփեմ ասելիքս՝ ցավոտ է, բայց քանի դեռ չունենք ավարտված պատերազմ, ունենալու ենք զոհեր, քանի դեռ միջազգային հանրությունը չի սաստում Ադրբեջանին և հասցեական գնահատական չի տալիս, ունենալու ենք զոհեր, քանի դեռ մտածում են, թե որն է ոտնձգություն ՀՀ-ի դեմ և որը ոչ, մենք ունենալու ենք զոհեր: Ի վերջո, ՀՀ ԶՈւ-ն ճաշակում է դիվանագիտական հարթությունում թույլ տված «դառնությունները»:

Եվ այսքանից հետո գալիս ենք հասնում մի կետի, երբ համ  ուզում ենք չավարտվածն ավարտվի, համ  չենք ուզում, որ հայտարարված պատերազմը վերսկսվի և դա բնական է: Բայց մի բան հստակ է՝ անկախ մեր ուզելուց և չուզելուց պիտի պատրաստվենք հայտարարված պատերազմի, որովհետև այն մի օր ինչ-որ մեկի «բերանով», ինչ-որ մի օր  հայտարարվելու  է և մենք մենակ ենք մնալու այդ պատերազմում, իսկ հիմա ստիպված ենք դիմակայել այսօրվա պատերազմին:

Մարիամ Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում