«Մեզ ինչ էլ լիներ, ոչինչ. կարեւորը` էրեխեքս փրկվեին». հայաթափված Գետաշենից մինչեւ ազատագրված Քարվաճառ

1991 թ. մայիսի մեկի առավոտյան Գետաշեն գյուղի բնակչուհի տիկին Գրետան գնացել էր հարեւանի տուն` միս գնելու: «Տուն գնալիս տեսա` վերեւի թաղից փոքր երեխաներ էին վազելով իջնում: Կանգնացրի, ասացի Մինաս, առավոտ շուտ ու՞ր եք վազում: Ասաց` Գրետա տոտա, տանկը մեր դռան առաջ կանգնած ա, մեր շուշաբանդը կրակեցին, շուշեքը թափեցին: Ասացի` հիմա տանկը ձեր դռան առաջն ա, ասաց` հա: Ասացի, ուրեմն գյուղի վերեւից մտել են..մենք մեր ավտոն վերցրինք ու իջանք գյուղամեջ», հայրենի գյուղը կորցնելու ու գաղթի ճամփան բռնելու ծանր պատմությունն է սկսում այսօր արդեն Քարվաճառի բնակչուհի Գրետա Մարկոսյանը:

«Մենք որ շուտ իջանք գյուղամեջ, հետո իմացանք, որ մեր թաղից կանանց են առեւանգել, երեխաների.. ճիշտ է` բաց են թողել հետո, բայց դե ջարդած, թակած…մենք որ գնացինք գյուղամեջ, դրանով այդ օրը հարձակումից փրկվեցինք»:

Հայկական Գետաշեն գյուղում անհանգստություններ զգացվել են արդեն 1988-ից, արցախյան շարժման սկզբից: «Մի երկու տարի մեր կապը Հայաստանի հետ միայն ուղղաթիռով է եղել, անհանգստություններ շուտ ենք զգացել, բայց հենց մեր գյուղի վրա հարձակում մայիսի մեկին եղավ», հիշում է տիկին Գրետան:

Չարաբաստիկ այդ օրը շեն ու բարգավաճ Գետաշենն ավերվել է ադրբեջանական ու խորհրդային զենքից:

«Առավոտը տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով հարձակվեցին: Ինչպես արդեն ասացի, մենք գնացինք գյուղամեջ: Էդտեղ ահագին կռիվ եղավ: Թաթուլ Կրպեյանն էր մեզ հետ: Կին, էրեխեք հավաքվեցինք մի տեղ, ֆիդայինները մեզ պաշտպանում էին: Այդ օրը երեկոյան ադրբեջանցիները հետ քաշվեցին: Հաջորդ առավոտ գնացինք մեր տուն, գնացինք տեսանք, որ էլ տուն չկար, էնքան տանկով կրակել էին, պատերի սվաղն էլ էր թափվել: Բայց թե ինչ շեն տուն ունեի, չեմ կարող նկարագրել. ամբողջն ավերել էին»:

Չնայած տեղում ինքապաշտպանություն կազմակերպվում էր, բայց հատկապես ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո գետաշենցիները հասկանում են, որ պետք է գոնե երեխաներին տեղափոխել ապահով վայր. ուժերն անհավասար էին:
«Ուղղաթիռներ եկան, որ երեխաներին տանեն: Ես իմ երեք երեխաներին, երկու աղջկաս ու մի տղայիս, այդ օրը ճանապարհեցի: Տղաս այդ տարին տասներորդ դասարանում էր սովորում, Թաթուլ Կրպեյանն իր հետ պատմություն էր պարապում, շատ լավ էր սովորում տղաս», պատմում է տիկին Գրետան ու ավելացնում. արդեն Ծաղկաձորում դպրոցն արծաթե մեդալով է ավարտել ու ընդունվել ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, Թաթուլի ֆակուլտետը, ինչպես տիկին Գրետան է ասում:

Երեխաներին ուղարկելուց հետո հանգիստ էր, կարելի է ասել` ուրախ, որ կարողացել է նրանց ապահով վայր ճանապարհել:

«Մենք ինչ կլինեինք, ոչինչ, կարեւորը` էրեխեքս փրկվեին: Սակայն լուր տարածվեց, թե երեխաների ուղղաթիռը թուրքերը շրջափակել են ու իջեցրել են: Անտանելի ապրումներ ունեցանք, այդ անհանգստությունը նկարագրել հնարավոր չի: Ուղղաթիռն իջեցրել էին, մի օր երեխաները մնացել են թուրքերի մոտ, բայց ոչ մի վնաս չէին տվել: Երեւանից եկել էին, երեխաներին տարել Ստեփանակերտ»:

Գետաշենից հայերին դուրս բերող վերջին մեքենան հայկական գյուղը լքել է մայիսի յոթին: «Մենք դուրս ենք եկել գյուղից ամսի յոթին, գյուղից դուրս եկող վերջին մեքենան է եղել: Մեզ բերեցին Կիրովաբադ (Գանձակ), այդտեղ իջեցրին: Այդտեղից մեզ ուրիշ ավտոբուսներով պետք է բերեին Երեւան: Կիրովադաբից Երեւան փախստականներին տեղափոխող շատ ավտոբուսներ թալանել են, մարդկանց վնաս տվել, ծեծել, փող, ոսկիներ են վերցրել: Մի թուրք եկավ մեզ մի ավտոբուս ցույց տվեց, թե այստեղ կնստեք: Ամուսինս թուրքերեն շատ լավ է հասկանում, ասաց, որ էդտեղ է ուղարկում, մենք մի ուրիշ ավտոբուս նստենք, երեւի մի բան կանեն: Բոլոր ավտոբուսների վարորդները թուրք էին. մի հոգի եկավ, հաշվեց, մեր ավտոբուսում 36 հոգի էինք: Վարորդին ասաց` այս մարդկանցից եթե մի հոգի պակասի, դու ես պատասխանատու, ոչ մի տեղ չկանգնես, ուղիղ կքշես, կգնաս մինչեւ վերջ: Ճանապարհով գնում ենք, բոլորը թուրքեր էին, մեծ-մեծ քարեր էին շպրտում ավտոբուսների վրա, սարսափելի ճանապարհ էր: Բայց վարորդն իրոք ոչ մի տեղ չկանգնեց, մեզ ապահով տեղ հասցրեց: Բայց դրանից հետո լսեցինք, որ ավտոբուսներ են շեղել ճանապարհից, թալանել են, ծեծել են մարդկանց…»:

Վախի ու արհավիրքների ճանապարհով գետաշենցի փախստականներին տեղափոխողող ավտոբուսը հասել է Հայաստան:

«Սահմանին սարսափելի տեսարան էր. մայրը երեխային էր կորցրել, կինն` ամուսնուն, լաց, կոծ… մի երեք-չորս ժամ մնացինք այդտեղ, ավտոբուսներ եկան, տարան պանսիոնատներ: Մեզ Ծաղկաձորում սենյակ տվեցին:

Ես ու ամուսինս եկանք, հասանք Հայաստան, բայց երեխաներս դեռ չկային: Ամեն օր մարդ ու կին գնում էինք Երեւան, Զվարթնոց օդանավակայան, որ տեսնենք, թե երեխաներին երբ կբերեն: Մի օր մի ինքնաթիռ իջավ, երեք երեխաներս իրար հետ իջան: Էլ չեմ կարող նկարագրել, թե ինչ ուրախություն էր…»:

Մարկոսյանների ընտանիքը Ծաղկաձորում ապրել է մոտ մեկ տարի: «Հետո որոշեցինք գնալ մի տեղ տեղավորվել, հիմնավորվել: Եկանք Վարդենիսի Նորաբակ գյուղում տեղավորվեցինք, մի տուն վերցրինք, կեղտոտ, հին տուն էր, մի կերպ մաքրեցինք, կամաց-կամաց ամեն ինչ ձեռք բերեցինք, քսան տարի էնտեղ ապրեցինք:

Աղջիկներիս ամուսինները, ովքեր եւս Գետաշենից են, Քարվաճառում զինծառայողներ են, աղջիկներս ընտանիքներով տեղափոխվեցին այստեղ, մենք էլ եկանք Քարվաճառ»:

Տիկին Գրետայի հինգ թոռնիկներն այժմ ապրում են Քարվաճառում, այստեղ են դպրոց գնում: Քարվաճառում բնակվող թոռնիկներից ամենամեծը` Արայիկը, շուտով զորակոչի տարիքի կլինի:

Հայրենի Գետաշենը մի վայրկյան անգամ մտքից չհանող կինն այսօր իր երեխաներով, իր թոռնիկներով ամրացել է հայոց ազատագրված Քարվաճառում: Գետաշենում բոլոր հայերն էին լավ ապրում, մեծ տնտեսություններ ունեին: 1991-ին ամեն ինչ թողել են թշնամուն ու մի կերպ միայն իրենց կյանքն են փրկել. «Ոչինչ չենք վերցրել մեզ հետ, տղաս միայն մեր նկարներն է վերցրել, տան նկարները, ու վերջ: Ես միայն մտածում էի էրեխեքիս փրկեմ, ինձ ուրիշ բան պետք չէր»:

Ու հիմա էլ, ապրելով ազատագրված Քարվաճառում, միայն խաղաղ երկինք է ուզում իր զավակների համար. ազատ ու խաղաղ Քարվաճառը սեփականը տունը մի անգամ կորցրած գետաշենցու իրավունքն է, նրա թոռնիկներն իրավունքը…

«Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» շարքից

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում