ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ու միգրացիոն գործընթացները. պարզաբանում է ՀՀ Միգրացիոն ծառայությունը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ու միգրացիոն գործընթացները. պարզաբանում է ՀՀ Միգրացիոն ծառայությունը

Ո՞ր դեպքերում է Ռուսաստանի Դաշնությունը դյուրացրել միգրացիոն քաղաքականությունը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Ի՞նչ պայմաններով կարող են աշխատել ՀՀ քաղաքացիները և արդյո՞ք Հայաստանի անդամակցությամբ լուծվում է նախորդ տարիներին մուտքի արգելք ստացած մեր հայրենակիցների խնդիրը:

Մինչ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անադամակցելը պատկան մարմինները պարբերաբար նշում էին, որ անդամակցության պարագայում միգրացիոն գործընթացները դյուրացվելու են: Եվ անգամ մուտքի մերժում ստացած քաղաքացիների խնդիրներն են անմիջապես լուծվելու Այնինչ դա այդպես չէ, իսկ առկա դժգոհությունները տեղեկատվության պակասի արդյունք են,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: «Այն քաղաքացիների համար, ովքեր ունեին մուտքի արգելք, այն մնում է ուժի մեջ: Մարդկանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ ԵՏՄ- ին անդամակցությունից հետո, այդ քաղաքացիների մուտքը բացվել է: Ցավոք սրտի դա այդպես չէ»:

Միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել այդ քաղաքացիներին: Իրինա Դավթյանը տեղեկացրեց, որ շարունակում են դիմումների ընդունման գործընթացը: Երևանում նման խնդիրներ ունեցող քաղաքացիները դիմումները ներկայացնում են Միգրացիոն ծառայություն, իսկ մարզերում՝ մարզպետարաններ: Միգրացիոն պետական ծառայությունն էլ այդ դիմումնները հավաքագրելուց հետո, դրանք ուղարկում է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայություն. պատասխանը ստացվում է 2-3 ամսվա ընթացքում: Արդեն մոտ 3 500 դիմում կա, իսկ Դաշնային միգրացիոն ծառայությունից դրական պատասխան ստացվում է շուրջ 30 տոկոսի դեպքում: Իսկ ո՞ր դեպքերն են դրանք:

«Կան մեղմացուցիչ հանգամանքներ. օրինակ, եթե անձի ընտանիքի անդամներից մեկը կամ մոտ հարազատը ունի Ռուսաստանի քաղաքացիություն: Կամ եթե անձը ուսանում է Ռուսաստանի Դաշնությունում: Եղել են դեպքեր, երբ դիմողը թյուրմացաբար է հայտնվել արգելքների ցուցակներում: Հաշվի են առնվում նաև ֆորսմաժորային իրավիճակներ` հիվանդություն, բուժման խնդիր կամ հրատապ օգնություն»: Եվ այն դեպքերը, երբ խախտումներն ավելի մեղմ են: Այսինքն, երբ քաղաքացին ընդամենը մի քանի օրով ուշ է հաշվառման կանգնել: Կամ երկրից դուրս է եկել ոչ թե 90, այլ ասենք, 95 օր հետո և այլն: Միգրացիոն ծառայության պետի տեղակալը տեղեկացրեց, որ Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում մարմին հիմնել, որը նման խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին խորհրդատվություն կտրամադրի: Իսկ ո՞ր հարցերն են դյուրացվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պարագայում: Իրինա Դավթյանի խոսքով, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքում ստեղծվում է աշխատանքի միասնական շուկա: Դա նշանակում է, որ անդամ պետությունների քաղաքացիների համար այլևս անհրաժեշտ չէ ունենալ թույլատվական բնույթի փաստաթղթեր:

«Եթե Ռուսաստան ժամանող այլ աշխատանքային միգրանտներից պահանջվում է ձեռք բերել պատենտ, և այն ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներկայացնել բազմաթիվ այլ փաստաթղթեր, ապա հայաստանցիներից դա չի պահանջվելու: Օրինակ հավաստագիր, որ միգրանտը հանձնել է ռուսաց լեզվի, օրենսդրության, սահմանադրության իմացության վերաբերյալ քննություն, ինչպես նաև բժշկական տեղեկանքներ և այլն: Հիմա մեր քաղաքացիների համար նման պահանջ չի դրվում»: Միակ պահանջն այն է, որ իրենք ձեռք բերեն աշխատանքային պայմանագիր: Դրանից հետո կարող են աշխատանքային պայմանագրում նշված ժամկետներում մնալ և աշխատել: Այդ իրավունքից կարող են օգտվել նաև աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամները՝ կին կամ ամուսին և անչափահաս երեխաներ: Ինչ վերաբերում է արդեն ոչ աշխատանքային նպատակով մեկնածների համար նախատեսված 180 օրվա ընթացքում 90 օր մնալու ռեժիմին, ապա դա անփոփոխ է: Միայն փոխվել է հաշվառման ժամկետը: Եթե նախկինում սահմանված էր երկիր մուտք գործելու պահից 7 օրվա ընթացքում հաշվառվել, ապա դա հիմա ՀՀ քաղաքացիների համար դարձել է 30 օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում