23 տարի խրամատում. Միջազգային հարթ նշանառության օրենքներն այստեղ ցաքուցրիվ են լինում

23 տարի խրամատում. Միջազգային հարթ նշանառության օրենքներն այստեղ  ցաքուցրիվ  են լինում

                                                               Вот кто-то решив: «После нас — хоть  потоп»,

                                                                         Как в пропасть, шагнул из окопа,

                                                                         А я для того свой покинул окоп,

                                                                        Чтоб не было вовсе потопа. Վիսոցկի

23 տարի առաջ խրամատում ծնունդ առավ ՀՀ զինված ուժերը  կամ տարիների ընդմիջումից հետո վերածնվեց Հայկական  բանակը: Մոտ երկու տասնամյակ  անց այն դեռ  խրամատում է, և ինչպես 1992-ին ու  դրան հաջորդած տարիներին բանակն ապրում էր երկու կյանքով, այնպես էլ այսօր: Կազմավորման տարիներին մի կողմից ինտենսիվորեն ընթանում էր բանակային կառուցվածքի ձևավորում, մյուս կողմից` նորաստեղծ բանակային կազմավորումները փաստացի պատերազմի  մեջ էին  հարևանի հետ՝ ստիպված լինելով պաշարներ ուղղել և ռազմաճակատ, և կառուցվածքային խնդիրների լուծմանը:

Անցած տարի, երբ Ադրբեջանի ղեկավարության «թեթև ձեռքով» հրահրվեց միկրոպատերազմ, հայկական բանակը (ՀՀ ԶՈՒ, Արցախի ՊԲ) ստիպված էր ապացուցել իր լինելիության իրավունքն ու կարողությունը, մյուս կողմից՝ անհրաժեշտ էր հիմքեր գցել  պաշտպանական «անհատակենտրոն» քաղաքականության համար, ինչը ենթադրում է  միջին օղակի ստորաբաժանումների ղեկավարներին ազատ գործելու և իրավիճակից ելնելով տեղում որոշումներ կայացնելու  իրավունք, որն իր մեջ կարող է ներառել նաև  նախահարձակ գործողություններ: Այլ կերպ ասած՝ վերջ է տրվում հրամանատարների և պետերի միանձնյա ղեկավարման պրակտիկային, որը տեղավորվում է խորհրդային ռազմական տրամաբանության մեջ և հնարավորություն ընձեռում ենթակա անձնակազմին դրսևորելու սեփական ունակությունները՝ սահմանելով «չափավոր վերահսկողություն»:

Չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի համար, բնականաբար, «հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման ձևն ավելի քան շահեկան և անհրաժեշտ է, որի օրինակներն  ունեցել ենք արցախյան պատերազմում՝ ունենալով մարդկային և զինտեխնիկայի  քանակական տարբերություն թշնամու համեմատ:

Այս սկզբունքը, որը «կարմիր թելի» պես անցնելու է ՀՀ ԶՈւ-ի առաջիկա տարիների բոլոր գործողությունների  կենտրոնով,  հոգեբանական լուրջ խնդիր է լուծում. երբ սպան իրեն պիտանի է զգում և տեսնում, որ իրենից է շատ բան կախված ու իր փոքր փորձառությունը հաշվի է առնվում  վերադասի կողմից, նա իր գործողություններում ու հաշվարկներում դառնալու է  առավել պատասխանատու:

«Ազգային բանակի զինծառայողները պետք է օժտված լինեն համարձակությամբ, չվախենան նախաձեռնողականությունից ու սեփական կարծիքն արտահայտելուց»,-2015-ի թվականի տարեմուտի իր ուղերձում նշում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ սրա համար սպան, հրամանատարը պետք է լինի կրթված, ինչը վերջին տարիներին գերակա խնդիր է դարձել և ՀՀ ԶՈՒ-ում մեծացել է կադրային սպաների թիվը, որոնք անցել են աստիճանական բոլոր փուլերը:

21-րդ դարում բանակը չի կարող չլինել գիտելիքահենք և ղեկավարվել 20 տարի առաջվա մարտի կանոններով,  ստորաբաժանման հրամանատարը չի կարող տեղեկատվական տեխնոլոգիաներից և աշխարհաքաղաքական  այսօրվա պատերազմի  օրենքներին չտիրապետել: Ի վերջո, այս դեպքում  ՀՀ ԶՈւ-ը   չի կարող պարզապես մասնակիցը լինել  միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչն իր հերթին անվտանգային երաշխիքներ է  տալիս՝ երկրին վերապահելով անվտանգություն արտադրողի և ոչ թե սպառողի վարկ:

Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, այն, որ «հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման մեթոդի ներդրմամբ, հերթական անգամ ապացուցեցինք, որ կարողանում ենք տարանջատել  և փոխլրացնել գործընկերային հարաբերությունները. ՌԴ-ի օգնությամբ ռազմատեխնիկական խնդիրներ ենք լուծում, իսկ պաշտպանական քաղաքականության հարթությունում «սրբում» խորհրդային հետքը և ընդունում  այսպես ասած՝ եվրոպական արժեքներ՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները:

Թերևս, սա նկատի ուներ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, երբ ասում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու. «Ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»:

Չեմ բացառում, որ ՀՀ ԶՈւ-ում դեռ կան մարդիկ, որոնք պիտի չլինեն, որոնք «լինելով բլինդաժում»  «բարձրահարկ  շենքերում են ապրում», բայց մի բան հստակ է՝ «բլինդաժում ապրող»  կորպուսի, զորամասի  հրամանատարները մեծաթիվ են՝ բավական է մի փոքր ժամանակ տրամադրել և  թերթել արխիվային մատյանները: Բլինդաժում ապրող հրամանատարներ, որոնք կարող են  հակառակորդին ռազմական լեզվով  պարտադրել խաղաղություն, իսկ դիվանագետներին  համարձակվել հասկացնել՝ «ինձ դե յուրե-մե յուրե չի հետաքրքրում, ինձ դե ֆակտոն է հետաքրքրում. սատկացնել, ջարդել դրանց, որ սսկվեն»:

Այստեղ տեղին է, թերևս, հիշել  Վազգեն Սարգսյանի խոսքը. «Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում, որովհետև օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում»:

Ու քանի դեռ մեր հակառակորդը կիլոմետրերով հեռու է լինելու միջազգային օրենքներից, դրանք պիտի մեր սահմաններում փշրվեն և թելադրողը լինի խրամատում ծնված օրենքը:

Շնորհավո՛ր խրամատային օրենսդիր հայ զինվորի և հայ սպայի տոնը

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում