Հրանուշ Հակոբյանը Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ քննարկել է սիրիահայերի խնդիրները

Հրանուշ Հակոբյանը Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ քննարկել է սիրիահայերի խնդիրները

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Գարակէօզեանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությ ունից, նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնել է արդյունավետ համագործակցության համար:

Քննարկվել են Սիրիայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել Հայոց պետության և, մասնավորապես, Սփյուռքի նախարարության ջանքերը` Հայաստան տեղափոխված սիրիահայերին օժանդակելու և այն աշխատանքների ու բարոյական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սիրիայում դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

Անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունենալիք ձեռնարկներին Հայ ավետարանչական ընկերակցության մասնակցությանը, ապրիլին նախարարության հետ համատեղ կազմակերպվող «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականնների դերը Սիրիայում՝ Հայոց ցեղասպանության առաջին հանգրվանին» խորագրով գիտաժողովին:

Քննարկվել են Հայաստանի տարբեր բուհերում ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող դասախոսությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, կողմերը հանդես են եկել համագործոկցության նոր առաջարկներով:

Հանդիպմանը մասնակցել են Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Հարութ Սելիմյանը, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը և Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կենտրոնական գրասենյակի մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում