«Առավոտ». Որևէ մեկի «ձայնը կտրելը» սխալ քաղաքականություն է

«Առավոտ». Որևէ մեկի «ձայնը կտրելը» սխալ քաղաքականություն է

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Եթե ես լինեի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ, ապա «դեմ» կքվեարկեի Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկին: Ոչ թե այն պատճառով, որ այդ երկրի քաղաքականությունն ինձ դուր է գալիս, պարզապես որևէ մեկին ձայնի իրավունքից զրկելը սխալ է, և, մասնավորապես, վեհաժողովը հենց նրա համար է, որպեսզի տարբեր երկրների ներկայացուցիչներ արտահայտեն տարբեր տեսակետներ:

ԵԽԽՎ-ի որոշմանը Ռուսաստանի «հակազդող քայլերը» նյարդային են և փոքր-ինչ ծիծաղելի: Դումայում, օրինակ, լրջորեն քննարկվում է հայտարարության տեքստը, որը դատապարտռւմ է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության բռնակցումը Գերմանիայի Դաշնային [ֆեդերատիվ] Հանրապետության կողմից: Դա նաև Ղրիմի բռնազավթման վերաբերյալ մեղադրանքի պատասխանն է: Պարզ է, որ էմոցիոնալ առումով նման «հակաքայլերը» կարող են ոմանց դուր զալ։

Այո, Ռուսաստանում խախտվում են մարդու իրավունքները: Իսկ ԵԽ անդամ մյուս հետխորհրդային երկրներում չե՞ն խախտվում: Ըստ ամերիկյան «Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպության՝ դրանք հիմնականում [ներառյալ Հայաստանը] մասամբ ազատ երկրներ են՝ բացի Ռուսաստանից և Ադրբեջանից, որոնք ամբողջությամբ անազատ են: Այդ գնահատականն ինձ արդար է թվում: Բայց Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չեն զրկում և, կրկնեմ, չպիտի էլ զրկեն, որովհետև, որևէ մեկի «ձայնը կտրելը», իմ կարծիքով, սխալ քաղաքականություն է»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում