Զիջումներ՝ մանիպուլիացիոն գործողություններով. ԲՀԿ-ական պատգամավորը զգուշացնում է կառավարության հնարավոր քայլի մասին

Զիջումներ՝ մանիպուլիացիոն գործողություններով. ԲՀԿ-ական պատգամավորը  զգուշացնում է կառավարության հնարավոր քայլի մասին

«Օրենքները պետք է բխեն մարդկանց շահերից և ոչ թե նրանց համար խնդիրներ ստեղծեն և նվաստացնեն: Կառավարությունը չհասկացավ, որ այս օրենքը վնաս է հասցնում  տնտեսության ողնաշարին` ՓՄՁ-ին: Եթե փոքր ու միջին ձեռներեցները  սառեցնեն իրենց գործունեությունը, մեր երկրին լուրջ տնտեսական կոլապս է սպասվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխություններին, ինչն առաջացրել է առևտրականների դժգոհությունը և դուրս հանել պայքարի:

ԲՀԿ-ական պատգամավորն այստեղ հարկ համարեց հիշեցնել, որ իրենց խմբակցությունն առաջին օրվանից դեմ է եղել օրենսդրական այս նախաձեռնությանը և անգամ ներկայացրել նոր օրենք, որտեղ հաշվի էին առնվել  փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների պահանջները՝ շեմի բարձրացում, կամավորության սկզբունք, որը մեծամասնության կողմից մերժվել է: Պատգամավորի խոսքով՝ մինչև փետրվարի 1-ը «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրարկման հետաձգումն ընդամենը «փափուկ բարձր» էր, իսկ հարկային մարմիններն անգամ դրան չսպասեցին և ժամանակից շուտ անցան հարկային տեռորի:

«Ցուցարարների պահանջն արդար է, իրենք  պայքարում են, որպեսզի աշխատեն հին ձևով:  Ի՞նչ է նշանակում գույքագրել: Որևէ մեկի մոտ հարց չառաջացավ, թե ինչո՞ւ այդ բողոքի ակցիաները միանգամից սկսվեցին: Սկսվեց, քանի որ օրենքը դեռևս ուժի մեջ չմտած, հարկային մարմինները տեռորի էին ենթարկում նրանց: Սա այն դեպքում, երբ  Հայաստանին օդ ու ջրի պես պետք են ազատ շուկայական հարաբերություններ, հարկային բեռի թեթևացում: Ես շատ ուրախ եմ, որ մեր հասարակությունը, տվյալ դեպքում ՓՄՁ-ները, կարողացան իրենց ձայնը բարձրացնել: Ուրախ եմ նաև, որ իշխող կուսակցությունից ևս կան մարդիկ, ովքեր կանգնած են նրանց կողքին»,- շարունակեց Բաբայանը՝ տեղեկացնելով, որ երկուշաբթի ոչ իշխանական ուժերը ԱԺ-ում ստորագրահավաք են սկսելու՝ այդ խնդրով արտահերթ նիստ հրավիրելու համար:

Միաժամանակ, ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ հարցի լուծումը կամ պայքարի ելքը կախված է հասարակությունից. «Երկուշաբթի օրը կերևա, թե հասարակությունն ինչքանով է պատրաստ փափուկ բարձի կամ խելոք խոսքերի հետևից գնալու»:

Ըստ Բաբայանի՝ խնդրի լուծումն ունի երկու տարբերակ` կասեցում կամ նոր օրենքի ընդունում, որում կլինի շեմի բարձրացում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՓՄՁ ներկայացուցիչներին  վերջնական պատասխան պիտի տա՝  օրենքի կասեցման կամ փոփոխման հետ կապված: 

Դիտարկմանը, թե կառավարության քայլերը ապակառուցողական են, Վահան Բաբայանը չհամաձայնեց՝ չբացառելով իշխանությունների կողմից զիջումները. «Կարծում եմ, եթե կառավարությունը որոշակի կոնստրուկտիվություն ցուցաբերի, որը ես տեսնում եմ և նույն ձևով ականջալուր լինի ցուցարարների կոչերին, ոչ իշխանական ուժերի առաջարկած օրինագծին, համատեղ ուժերով կարելի է այս խնդիրը հեշտորեն լուծել: Երկուշաբթի մեր բոլոր հարցերի պատասխանները կիմանանք: Չեմ բացառում, որ կառավարությունը որոշակի զիջումների գնալուց հետո, կընդունի նոր օրենք, որում մանիպուլացիոն գործողություններով կպահպանի նույն օրենքը: Դա ամենահեշտ քաղաքականությունն է, և այստեղ շատ կարևոր է հասարակության ադեկվատ գնահատականը»:

Հակադարձմանը, թե ինչու Եռյակը չի պահանջում կառավարության հրաժարականը, ինչպես դա արեց անցած տարի, ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ կաշկանդված չեն, բայց պետք է անհրաժեշտություն լինի:

Հիշեցնենք, որ  նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Բացի այդ՝ փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անհատ ձեռներեցներն առաջին ագամ կտուգանվեն 20 հազար դրամով, այնուհետև` շրջանառության հարկի հինգ տոկոս չափով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում