Վահե Հովհաննիսյանը կուսակցությունից չի մեկուսացվել, Եռյակն էլ չի հիասթափեցրել

Վահե Հովհաննիսյանը կուսակցությունից չի մեկուսացվել, Եռյակն էլ  չի հիասթափեցրել

Փետրվարի 5-ին  ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած  խորհրդաժողովը  կուսակցական  հավաք չէ:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն ի պատասխան Times.am-ի հարցին, թե ինչ  բնույթի շեշտադրումներ են լինելու: Պատգամավորը շարունակեց, թե ֆորմատային փոփոխություն չի լինելու և հրավիրյալների թվում  խորհրդարանական  ոչ իշխանական ուժերն են, արտախորհրդարանականները, ՀԿ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ, մարդիկ,  որոնք ունեն երկրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ  իրենց   տեսակետները:

«2015 թվականը կլինի փոփոխությունների տարի»,-վստահեցրեց Բաբայանը:

Մեր դիտարկմանը, թե հասարակությունը  հիասթափված է նաև Եռյակից, որովհետև հստակ քայլեր չտեսան,  ԲՀԿ-ական պատգամավորը  չհամաձայնեց՝ ակնարկելով, թե արձանագրել են առաջընթաց և ոչ թե հետընթաց:

Հիշեցնենք, որ մինչ օրս Եռյակը չունի միասնական օրակարգ:

Ինչևէ, լրագրողների հետ հանդիպմանը Վահան Բաբայանն անդրադարձավ  կուսակցի՝  Վահե Հովհաննիսյանի կուսակցությունից մեկուսացման մասին շրջանառվող լուրերին՝ որակելով դրանք որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք, պատվեր և ցնդաբանություն.«Վահե Հովհաննիսյանը մեր առանցքային գործիչներից է: Կարծում եմ, որ նման լուրեր գրողները իրենք իրենց են խայտառակում, այլ ոչ թե հետաքրքրություն մտցնում  քաղաքական դաշտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում