Հայ դատի հանձնախումբը ողջունել է Կոնգրեսի Հայկական խմբի հանրապետական համանախագահին

Հայ դատի հանձնախումբը ողջունել է Կոնգրեսի Հայկական խմբի հանրապետական համանախագահին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Իլինոիս նահանգի կոնգրեսական Ռոբերտ Դոլթին` ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբի հանրապետական համանախագահ դառնալու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ողջունել է Դոլթի կողմից այս պաշտոնի ստանձնումը: Նա հիշատակել է կոնգրեսմենի մեծ նվիրումն ու աշխատանքներն այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը, ինչպես նաև աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին:

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբի դեմոկրատ մյուս համանախագահ Ֆրանկ Փալոնեն ևս ողջունել է Դոլթի նշանակումն այս պաշտոնում: «Ես ակնկալում եմ աշխատել նրա հետ` հասնելու մեր նպատակներին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում»,- ասել է Փալոնեն:

Իր հերթին Դոլթը համոզմունք է հայտնել, որ պատրաստ է նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը: «Ես պատրաստ եմ աշխատել Կոնգրեսում իմ գործընկերների հետ մարդու իրավունքների բնագավառում, լույս սփռել Ցեղասպանության ժխտման հարցում և ընդգծել Հայոց ցեղսպանության հարյուրամյակին դրա վերաբերյալ բանաձևի ընդունումը»,- ասել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական համախումբը հիմնվել է 1995 թվականին Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Ֆրանկ Փալոնեի և նախկին կոնգրեսական, հանրապետական Ջոն Փորթերի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում