Fitch-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը` պահպանելով կայուն կանխատեսումը

Fitch-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը` պահպանելով կայուն կանխատեսումը

Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings գործակալությունը նվազեցրել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` «BB-»-ի փոխարեն սահմանելով «B+», իսկ կանխատեսումը կայուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշավորող գործակալությունը Հայաստանի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով ևս նվազեցրել է` հաստատելով «BB-» մակարդակում։ Առաստաղի վարկանիշը վերանայվել է` սահմանվելով «BB-»` նախկին «BB»-ի փոխարեն, իսկ արտարժույթով ԷԴՎ-ն (էմիտենտի կամ թողարկողի դեֆոլտի վարկանիշ) հաստատվել է «B» մակարդակում:

Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի իջեցումը պայմանավորված է մի քանի կարևորագույն գործոններով, ինչպես օրինակ այն, որ Հայաստանը մեծ վնասներ է կրում Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի հետևանքով, որը զգալիորեն ազդել է Հայաստանի վճարային հաշվեկշռի եւ աճի հեռանկարների վրա: Սպասվում է, որ Հայաստանի տնտեսությունը 2015-ին կհայտնվի մեղմ ռեցեսիայի մեջ` պայմանավորված Ռուսաստանի տնտեսության վատթարացումից բխող ռիսկերով, և հնարավոր է` հետագայում ևս շարունակվեն արժեզրկման ճնշումները:

Կանխատեսվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդլայնվի 2015 թվականին` պայմանավորված ՌԴ-ից դրամային փոխանցումների կրճատմամբ և դեպի այդ երկիր արտահանումների նվազմամբ: Հայաստանի ՀՆԱ-ի 15 տոկոսը կազմում են դրամային փոխանցումները, որի 90 տոկոսը ստացվում է Ռուսաստանից: 2014 թվականի ընթացքում այդ փոխանցումները կրճատվել են 30 տոկոսով:

Fitch-ի հաղորդագրության համաձայն` աշխարհում նավթի գների անկումը դարձել է դոլարի կայունացման երաշխիք, իսկ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների գները նվազել են միջազգային շուկաներում: Հանքարդյունաբերական ապրանքների արտահանումից ստացվող եկամուտները` հատկապես պղնձի մասով, գրեթե կիսով չափ նվազել են:

Վարկանիշավորող կազմակերպությունը կանխատեսում է, որ Հայաստանի կենտրոնական բանկի արտաքին պահուստները կշարունակեն վայրընթաց շարժը, ինչը նկատելի էր հատկապես դեկտեմբերին: Միևնույն ժամանակ ռիսկային է համարվում պետական արտաքին պարտքը, քանի որ այն 80 տոկոսով արտարժութային է և կախված է փոխարժեքների տատանումից:

2010 թվականից վարվող դրամավարկային քաղաքականությունը, գործակալության տեսակետով, բավական արդյունավետ էր, և Fitch-ը կանխատեսում է բյուջետային դեֆիցիտի կայուն մակարդակ:

Fitch-ի հաղորդագրության համաձայն` Հայաստանի տնտեսությունը խիստ դոլարիզացված է, ինչն էլ մեծացնում է փոխարժեքների տատանումների ազդեցությունը հայկական դրամի վրա: Գործակալության կանխատեսմամբ` ճնշումները և տնտեսական անկումը, ամենայն հավանականությամբ, բերելու են նրան, որ ավելանան չաշխատող վարկերը և մեծանա կապիտալի խոցելիությունը: Չնայած դրան, գործակալությունը հիշեցնում է, որ Կենտրոնական բանկն ավելացրել է բանկերի սեփական կապիտալի նվազագույն շեմը և բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Fitch-ը կանխատեսում է նաև, որ Հայաստանում ինֆլյացիան կարող է 2015-ին հասնել 6.5 տոկոսի, թեև ԿԲ-ը նպատակադրել էր 2.5-5.5 տոկոս, որը պայմանավորված կլինի ներմուծվող ապրանքների գնաճով: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում գործարար միջավայրին, ապա Fitch-ը մեջբերում է Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշը, որով գործարար միջավայրը ՀՀ-ում գնահատվում է բարենպաստ:

Հաղորդագրության վերջում վարկանիշավորող գործակալությունը անդրադառնում է նաև աշխարհաքաղաքական խնդիրներին` ընդգծելով հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը մեծացնում է ռիսկերը: Իսկ կարճատև ժամանակահատվածում գործակալությունը լուծումներ չի տեսնում այդ հարցի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում