Միքայել Հարությունյանն իր «Կոտրված մանկություն» կտավով հաղթել է Հոլոքոստին նվիրված մրցույթում

Միքայել Հարությունյանն իր «Կոտրված մանկություն» կտավով հաղթել է Հոլոքոստին նվիրված մրցույթում

Երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանն իր «Կոտրված մանկություն» կտավով առաջին մրցանակն է ստացել Հոլոքոստի հիշատակին նվիրված իններորդ միջազգային մրցույթում: Այն անցկացվել է հունվարի 23-26-ը Մոսկվայում: Իրադարձությանը մասնակցել են 8 երկրների մոտ 1200 ներկայացուցիչներ:

17-ամյա նկարիչը խոստովանում է, որ մրցույթի մասին իմացել է Հայաստանի հրեական համայնքից: «Նկարը հենց մրցույթի համար չէի նկարել, ավելի վաղ էի նկարել, և հետո իմացա մրցույթի մասին: Մենք հունվարի 24-26-ը Մոսկվայում էինք, շատ լավ անցավ մրցույթը, շատ լավ կազմակեպված էր: Նշեմ, որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այդ իրադարձությանը: Շատ ուրախացա: Բոլորը հայերի և Հայաստանի նկատմամբ շատ լավ էին տրամադրված: Նշեցինք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրեց Հոլոքոստին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միքայել Հարությունյանը:

Նկարչի խոսքով՝ հրեա ուսանողներից մեկը բանաստեղծություն էր գրել հայերենով և ընթերցել էր այն իր պատվին: «Նկարի մասին շատ դրական են արտահայտվել, ես պարզապես ինձ չեմ գովում: Ի դեպ, այն ցուցադրվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի գրասենյակում»,- հավելեց նա:

Նկարչի հայրը՝ Գևորգ Հարությունյանը, նշեց, որ կազմակերպիչները զարմանում էին, թե ինչպես հայ պատանին կարող է հասկանալ հրեաների ցավը: «Մենք էլ մեր ցեղասպանության մասին էինք խոսում, այն փորձում հասանելի դարձնել շատերին: Բավականին լուրջ միջոցառում էր և շատ լավ կազմակերպված: Միքայելը ելույթ է ունեցել նաև մասնակիցների առջև՝ խոսելով Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին՝ նշելով, որ եթե Հայոց ցեղասպանությունն ընդունվեր, Հոլոքոստը չէր լինի»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում