Քարվաճառում տոնվեց ՀՅԴ-ի 124-ամյակը

Քարվաճառում տոնվեց ՀՅԴ-ի 124-ամյակը

Փետրվարի 11-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում նշվեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կազմավորման 124-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Քարվաճառ քաղաքի եւ Շահումյանի շրջանի գյուղերի բնակիչներ, տեղական ինքնակառավարության ներկայացուցիչներ, ՀՅԴ ներկայացուցիչներ Ստեփանակերտից:

Միջոցառման հաղորդավարներն իրենց ելույթի խոսքում անդրադարձ կատարեցին ՀՅԴ-ի անցած պատմական ուղուն, խոսեցին հայ ժողովրդի պատմությունից ու ազատագրական պայքարից. հայ ժողովուրդը հասել է այս օրվան, քանի որ մենք ոգի ունենք ու ազատության ձգտում, ընդգծեցին միջոցառման հաղորդավարները: Այնուհետ ելույթ ունեցան ՀՅԴ ներկայացուցիչներ:

Շահումյանի շրջանի ՀՅԴ պատասխանատու Արա Հովհաննիսյանն իր խոսքում պատմական ակնարկ կատարեց Դաշնակցության անցած ուղուն: «Դաշնակցությունը ժողովրդի հետ է եւ ժողովրդի կողքին», ընդգծեց ելույթ ունեցողը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ընդգծեց, որ դաշնակցության տարեդարձերին նվիրված տոնակատարությունները ավանդական են: «Միգուցե տարբեր վայրերում տարբեր ձեւերով ենք նշում, բայց բովանդակությունն ամեն տեղ նույնն է», ընդգծեց նա ու հավելեց, որ այս տոնակատարությունները յուրօրինակ հաշվետվություն են ողջ հայ ժողովրդի առաջ:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր խոսքում ընդգծեց, որ Դաշնակցությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար միշտ եղել է կոնկրետ տեղում ու ակնարկ կատարեց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած պատմական այն կարեւորագույն դեպքերին, որտեղ Դաշնակցությունն իր դերակատարությունն է ունեցել:
«Դաշնակցությունն անելիք ուներ երեկ, անելիք ունի եւ այսօր: Կեցցե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, կեցցե Արցախը, կեցցե ազատ, անկախ, միացյալ Հայաստանն ու կեցցե հայ ժողովուրդը», ամփոփեց Արթուր Աղաբեկյանը:

Այնուհետ ցուցադրվեց «Դաշնակցություն հանուն Արցախի» վերնագրով ֆիլմ, որը նվիրված էր կուսակցության 124-ամյակին: Ֆիլմը ներկայացրեց կուսակցության հիմնական սկզբունքները, անցած ճանապարհն ու մատնանշեց անելիքները:

Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով: Ելույթ ունեցավ ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը, ով կատարեց հայրենասիրական երգեր: Ազգային երգ ու պար ներկայացրեց Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում