Ինչպե՞ս է Մաքսիմ Հակոբյանը ցանկանում ֆինանսավորել սեփական բիզնեսը

Ինչպե՞ս է Մաքսիմ Հակոբյանը ցանկանում ֆինանսավորել սեփական բիզնեսը

Վերջին շրջանում հայ մարզասերների ուշադրությունը կենտրոնացած է Կապանի «Գանձասար» ֆուտբոլային թիմի ճակատագրի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի առաջնության վերսկսմանը հաշված օրեր են մնացել, տակավին անհայտ է կկարողանա՞ արդյոք թիմը շարունակել մրցելույթները, թե ոչ։ Բանը նրանում է, որ թիմի հետագա ֆինանսավորման համար Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատի տնօրինությունը պահանջում է ակումբը ներառել Կոմբինատի կազմում։ «Ֆուտբոլ պլյուսին» տված հարցազրույցում Կոմբինատի տնօրեն Վահե Հակոբյանը նշել է, որ Կոմբինատն ակումբը ֆինանսավորելու որևէ խնդիր չունի։ «Ինչպես հայտնի է, ակումբը պատկանում է Մաքսիմ Հակոբյանին, և եթե պարոն Հակոբյանը` լինելով Հայաստանի հարուստ մարդկանցից մեկը, այնուամենայնիվ, չի կարող ֆինանսավորել սեփական հոբբին, ապա կոմբինատը, բարձր գնահատելով սպորտի պահպանումն ու զարգացումը Սյունիքի մարզում, պատրաստ է իր վրա վերցնելու «Գանձասարը» ֆինանսավորելու պարտավորությունը, բայց այն պայմանով, որ ակումբը ներառվի կոմբինատի կազմում։ Այլ պարագայում ստացվում է, որ ԶՊՄԿ-ն ամսական 45 միլիոն դրամ տրամադրելով, ֆինանսավորում է երրորդ անձի բինզեսը կամ հոբբին: Նման իրավիճակը կոմբինատի համար անընդունելի է», – ասել է Հակոբյանը։

Պղնձամոլիբդենային կոմբինատի այս մոտեցմանը «Գանձասարի» նախագահ Մաքսիմ Հակոբյանը յուրահատուկ փաստարկներով է հակադրվում։ Նա նշում է, որ դեռևս 1960-ականներից կոմբինատը հովանավորել է կապանյան ֆուտբոլային ակումբները, հետևաբար, ըստ նրա տրամաբանության, կոմբինատը պարտավոր է այսօր էլ ֆինանսավորել իր բիզնեսը։ Ընդ որում, այդ խնդիրը լուծելու համար վերջինս ակումբի երկրպագուներին և Սյունիքի հասարակայնությանը կոչ է արել կոմբինատի գործադիր մարմնից պահանջել, որ կոմբինատը հովանավորի «Գանձասարը»:

Հայտնի է, որ մեծ տարածում ունեցող սպորտ լինելուց բացի ֆուտբոլը նաև խոշոր բիզնես է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում այդ մարզաձևն այնքան էլ զարգացած չէ, այնուամենայնիվ փաստ է, որ այստեղ նույնպես ֆուտբոլային ակումբը կարող է հաջող բիզնես պրոեկտ լինել։ Նման նախադեպ կա։ Չնայած բոլոր դժվարություններին, հայկական ֆուտբոլային ակումբներն, այնուամենայնիվ, կարողանում են իրենց գործունեությունը շարունակելու և զարգացնելու համար անհրաժեշտ ֆինանսներ հայթայթել։ Ընդ որում, ֆինանսների աղբյուրները շատ են և բազմազան։ Նախկինում, երբ «Գանձասարի» նախագահ Մաքսիմ Հակոբյանն ինքն էր ղեկավարում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վերջինս սեփական թիմը ֆինանսավորելու որոշում էր կայացրել և կոմբինատի ու ակումբի միջև համապատասխան պայմանագիր կնքել։ Հակոբյանին, ըստ ամենայնի, առանձնապես չէր էլ հետաքրքրում, թե ինչ է դրանից շահում կոմբինատը։ Փաստը միայն այն է, որ ստանալով անհրաժեշտ ֆինանսավորում, թիմն առանձնակի հոգ չի տարել ֆինանսական ինքնաբավությունն ապահովելու համար։ Իսկ հիմա, երբ կոմբինատն այլևս հրաժարվում է ֆինանսավորել Մաքսիմ Հակոբյանի հոբբին (թե՞ այնուամենայնիվ բիզնեսը), վերջինս փաստացի շանտաժի է դիմում։

Արդյունքում տուժում են ակումբը, ֆուտբոլիստները, մարզասերներն ու Հայաստանի ֆուտբոլի առաջնոությունը։ «Գանձասարի» ճգնաժամային իրավիճակը մեծապես ազդել է թիմի արդյունավետության վրա։ Չնայած դրան, սակայն, այս պահին «Գանձասարն» ընթանում է չորրորդ տեղում։ Պղնձամբոլիբդենային կոմբինատի տնօրեն Վահե Հակոբյանը վստահեցնում է, որ թիմը կոմբինատին միացնելուց հետո, իրենք կարող են սեղմ ժամկետներում վերականգնել ակումբի բնականոն գործունեությունը։ «Կոմբինատի ղեկավարությունն իրականացրել և իրականացնում է ծավալուն նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի համաձայնության գալու դեպքում ամենասեղմ ժամկետներում թիմը պատրաստ լինի ներկայանալու ֆուտբոլասերներին։ Այդ թվում` մշտական կապ է պահպանվում մարզիկների և մարզճական անձնակազմի հետ», – ասում է Վահե Հակոբյանը։

Մնում է` Մաքսիմ Հակոբյանը հրաժարվի անձնական ամբիցիաներից և ճանապարհ բացի թիմի հետագա զարգացման համար։ Եթե, իհարկե, ինքը պատրաստ չէ ֆինանսավորել «Գանձասարը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում