11 տարի առաջ «ՆԱՏՕ»-ում թուրքը հայի սպանեց. Բարոնուհին շոկ ապրեց, «Նուլանդը» հումանիտար ժեստից չխոսեց

11 տարի առաջ «ՆԱՏՕ»-ում թուրքը հայի սպանեց. Բարոնուհին շոկ ապրեց, «Նուլանդը» հումանիտար ժեստից չխոսեց

11 տարի առաջ՝  Սումգայիթի ջարդերի նախօրեին, հայ հասարակությունը ցնցվեց. Եվրոպայի սրտում  քնած ժամանակ թուրքի ձեռքով հայ սպա էր  կացնահարվել, ինչը հերթական անգամ հաստատեց, որ թուրքը  չի փոխվել և, որ ցեղասպանությունների չդատապարտումը ծնում է նորերը:

2004 թվականի փետրվարին 19-ին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում  էր՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին՝  անգլերենի եռամսյա դասընթացներին: Վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը մտնում է հյուրանոցի նրա բնակության սենյակը և կացնի 16 հարված հասցնում քնած հայ սպայի դեմքին։ Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմում է, թե երեկոյան ինքը թեյել է, գնացել  քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել  հայ  մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը:

Թե երբ է վերադարձել, հունգարացին չի նկատել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ-որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել  ու տեսել  է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի  անկողնու  մոտ։

«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» – պատմել է հունգարացին։

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին շարժվում է դեպի  Հայկ Մակուչյանի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել: Միջանցքում   նա հանդիպում է  աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկում է  միասին գնալ ու  սպանել երկրորդ հային: Ուզբեկը փորձում է հանգստացնել  մարդասպանին, բայց նրան դա չի  հաջողվում: Ոճրագործն  արյունոտ կացինը  ձեռքին մոտենում է  Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է գտնում: Չկարողանալով կոտրել այն,  նա սկսում է  բարձր ձայնով  վանկարկել Մակուչյանի անունը: Սպանությունը կամ սպանության փորձը կանխվում է նույն սենյակում ապրող  լիտվացի սպայի օգնությամբ:

2006 թ.-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտում է  ցմահ ազատազրկման՝ 30 տարի  առանց ներման իրավունքի: Ի դեպ,  գործով տուժող է ճանաչվում  նաև Հայկ Մակուչյանը:

Հայկական կողմին սա հեշտ չի տրվում, որովհետև ադրբեջանա-թուրքական կողմն իրեն հատուկ հնարքներ բանեցնելով՝ փորձում էր սպանությունն ազգային հողից տեղափոխել կենցաղային հարթություն, ավելին՝ Սաֆարովին ներկայացնել որպես հոգեկան խանգարումներ ունեցող,  ոչ  հավասարակշռված անձ:

Սա այն դեպքում, երբ ադրբեջանական ռազմական երկու ուսումնարան ավարտած և թուրքական ռազմական ակադեմիայում կրթության ստացած Ռ. Սաֆարովն առաջին ցուցմունքի ժամանակ  խոստովանել էր.«Երբ լսեցի, որ Հունգարիա են ժամանելու հայ սպաներ, իմ ներաշխարհը խառնվեց, և ես որոշեցի նրանց սպանել»:

Ադրբեջանցի սպան իր խոստովանության ժամանակ նաև ռազմական գաղտնիք էր բացել, թե  տարբեր գործիքներով մարդ սպանելու տեխնիկային սովորել է Թուրքիայի կողմից Հյուսիային Կիպրոսի ռազմակալած տարածքում տեղաբաշխված թուրքական հատուկ ստորաբաժանումների գաղտնի ռազմակայանում:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին:  Հայրենիքում Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին, ինչպես նաև բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա համար նախատեսված աշխատավարձը:  Բուդապեշտից արդարացան,  թե  մինչև Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանը Հունգարիային երաշխիքներ էր տվել, որ նրա ցմահ ժամկետը դատարանը կարող է փոխել ազատազրկման այլ ժամկետով կամ պայմանական պատիժով՝ միայն առնվազն 25 տարի բանտում անցկացնելուց  հետո: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փակ կուսակցական նիստում խոստովանել էր, թե որոշում է կայացրել մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նրան ազատելու են,  որ կուսակիցներն ու խորհրդականներն իրեն բազմիցս զգուշացրել են նման քայլի հետ կապված ռիսկերի մասին, բայց  հունգարացի վարչապետը դիտարկել էր այդ որոշոմը որպես ադրբեջանցիների օգտին ժեստ՝ հետագայում Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուների ապահովելու համար:

Պաշտոնական Երևանի պատասխանը եղավ այն, որ դադարեցվեցին հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները:

Երկու տարի առաջ Գուրգեն Մարգարյանի կիսանդրու բացմանը մասնակցող  բարոնուհի Քերոլայն Քոքսը պատմեց. «Երբ իմացա քնած հայ սպայի սպանության մասին, ես արտասվեցի և շոկ ապրեցի: Երկրորդ անգամ շոկ ապրեցի, երբ Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակեց և հերոսացրեց: Ինձ անհանգստացնում է այս փաստը, մեսիջը, այսուհետ ևս ադրբեջանցի երիտասարդները որպես հերոսի կվերաբերվեն մարդասպաններին, ես արդեն ունեմ կոնկրետ փաստեր»:

Բարոնուհու անհանգստությունն արդարացված է. մինչև հիմա ոճրագործն ազատ շրջում է, իսկ  ադրբեջանցի չհերոսների շարքն անընդհատ համալրվում: Բայց ոչ պակաս անհանգստացնող  է այն, որ օտարերկրյա պաշտոնյաները չեն համարձակվում կամ իրենց շահերից ցածր են համարում իրերն իրենց անունով կոչելը: Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը խոսելով Ստեփանակերտում դատապարտված  ադրբեջանցի դիվերսանտների մասին՝ նրանց կատարածն անվանեց սոսկալի հանցագործություն: Ավելին՝ հայկական կողմին կոչ արեց դրսևորել  հումանիտար ժեստ: Իսկ մենք ՆԱՏՕ-ից մի կարգին պատասխան չպահանջեցինք, թե ինչու չի ապահովել հայ սպայի անվտանգությունը, ինչպես է, որ ադրբեջանցի սպան կացին է մտցրել հյուրանոց,  ինչու են հակամարտող երկրների զինվորականները տեղավորվել նույն  հյուրանոցում, նույն  հարկում…

Եվ շարունակում ենք մի կարգին չպահանջել, չհարցնել, թե  ինչու այդ հումանիտար ժեստերի մասին չհիշեցին ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, Կարեն Պետրոսյանի,  հայ օդաչուների հետ կապված…Հիշեցման արժանի շատ բաներ կան, որոնք «տափակել են» երկակի ստանդարտների ծանրությունից,  ինչը  գոնե  պատեհ առիթներին պետք է  փորձել «բարձրացնել»…

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում