Հիփոթեքային շուկայում դրական ակնկալիքներ կան եկամտահարկի վերադարձի նոր որոշումից հետո

Հիփոթեքային շուկայում դրական ակնկալիքներ կան եկամտահարկի վերադարձի նոր որոշումից հետո

Հայաստանի Կառավարությունն օրերս սահմանեց հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների հետ վերադարձման կարգը, որով հիփոթեքային վարկ վճարողները ազատվում են եկամտային հարկից՝ վարկի տոկոսադրույքի չափով։ Համաձայն կարգի՝ պետությունը փոխհատուցում է 2014թ. նոյեմբերի 1-ից հետո ձեւակերպած հիփոթեքի տոկոսները, եթե բնակարանը ձեռք է բերվում անմիջապես կառուցողից կամ կառուցվում է սեփական տուն։ Կատարված փոփոխության, հիփոթեքային շուկայի և վարկավորման խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ազգային հիփոթեքային ընկերության տնօրեն Հայկ Ոսկանյանի հետ։

-Հիփոթեքային շուկան նախորդ տարի գրանցել է շուրջ 2 տոկոսի աճ, այնինչ, 2013-ին աճը կազմում էր ավելի քան 12 տոկոս։ Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ հիփոթեքային վարկերի պահանջարկն անկում է ապրում։

– Հիփոթեքային վարկերի որոշակի աճ կա, բայց պետք է հաշվի առնել, որ ակտիվ առևտուրը պայմանավորված է լինում բնակչության եկամուտների աճով։ Եթե բնակչության եկամուտներն աճեն, հիփոթեքի նկատմամբ պահանջարկը ևս կակտիվանա։ Նայել և ասել, որ Հայաստանում բնակարանային խնդիր չկա, սխալ կլինի։ Այն իրավիճակը չէ, որ բոլորը կարող են կանխիկ դրամով տուն ձեռք բերել, հետևաբար պետք է դիմեն հիփոթեքային վարակավորմանը։ Այստեղ շատ կարևոր է հոգեբանական գործոնը, այսինքն` մարդիկ սովորաբար երբ բացասական սպասումներ են ունենում հետաձգում են երկարաժամկետ սպառման ապրանքների վրա ծախսերը, նույնը վերաբերվում է նաև բնակարաններին:

-Նախորդ տարվա վերջին դրամ-դոլար փոխարժեքային տատանումներից հետո բանկերը սկսեցին վերանայել տոկոսադրույքները։ Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները ինչպե՞ս են փոփոխվել։

-Վարկային տոկոսադրույքների ընդհանուր աճ է նկատվել, չնայած դրան մեր կողմից վերաֆինանսավորվող վարկերի համար նախորդ տարի միջին տոկոսադրույքը կազմել է 13 տոկոս, որն այս տարվա համար պահպանվել է գրեթե նույն մակարդակի վրա:

-Այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը հաջորդաբար երկու անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բանկերը հրաժարվում էին վարկեր տրամադրել։ Արդյո՞ք հիփոթեքային վարկավորման ժամանակ ևս առաջացավ այս խնդիրը։

-Բանկերն իրենց վարկերի տոկոսադրույքները փոխում են, երբ միջոցների ներգրավման տոկոսադրույքն է փոխվում։ Մեր դեպքում տոկոսադրույքները չեն փոխվել, մենք բանկերին վերաֆինանսավորում ենք նույն տոկոսադրույքով։ Ինչպես նշեցի մեր ծրագրով նրանց կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները նույնպես չեն փոխվել: Մյուս կողմից, բանկերի և վարկային կազմակերպությունների համար մեր ծրագրի շրջանակներում նպատակահարմար չէ բարձրացնել տոկոսադրույքը, քանի որ մրցակցությունը մեծ է, իսկ տոկոսադրույքների բարձրացումը կարող է հանգեցնել հաճախորդների թվի կրճատման՝ հաճախորդները մեր մի գործընկերոջ մոտից կգնան մյուսի մոտ:

– Նշեցիք, որ նույն պայմաններով եք իրականացնում վերաֆինանսավորումը։ Այս ընթացքում կարիք եղե՞լ է ավելացնելու ձեռք բերվող ֆինանսական միջոցները, այսինքն հիփոթեքային շուկան կարիք ո՞ւնի նոր վարկային միջոցների։

-Եթե նայենք վերջին տարիների ցուցանիշներին, հիփոթեքային շուկան բավականին աճել և զարգացել է։ Այս ընթացքում մենք ֆինանսական միջոցներ ենք ներգրավել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Նրանց կողմից տրամադրվող ֆինանսավորման (այն գործում է «Ջերմ օջախ» բրենդի տակ) առաջին տրանշը, ստացել ենք և ներկայումս տեղաբաշխում ենք, իսկ հաջորդ երկու տրանշները ստանալու ենք ավելի ուշ։ Խոսքը գնում է 13 մլն դոլարի մասին։ Շարունակելու ենք նաև պարտատոմսերի թողարկումները, աշխատանքներ են տարվում նաև հիփոթեքով ապահովված պարտատոմսերի թողարկման ուղղությամբ։

-Շինարարության ոլորտում երբ հարց է հնչում, թե ինչու աճ չի գրանցվում, պատասխանատուներն ասում են, որ հիփոթեքային վարկավորումը նպաստավոր չի, դրա համար էլ մարդիկ չեն ձգտում գնել ամնշարժ գույք, և շինարարությունը չի աճում։ Համաձա՞յն եք արդյոք այդ տեսակետի հետ։

-Եթե շինարարությանը նայում ենք որպես բիզնեսի, ապա պետք է բանկի գործունեությանը ևս նայել որպես բիզնեսի, քանի որ դա իրականում է այդպես։ Բանկերը չեն կարող ներգրավված միջոցներից ավելի ցածր տոկոսադրույքով ֆինանսավորում իրականացնել։ Նրանք չեն կարող նաև կարճաժամկետ ավանդներ ներգրավել և երկարաժամկետ ֆինանսավորում իրականացնել։ Բնականաբար, շինարարական սեկտորի համար շատ կարևոր է պահանջարկը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է տնտեսական աճ լինի և բնակչության եկամուտները ավելանան, որն էլ կբերի վարկառուների վարկունակության բարձրացման և ցածր ռիսկերի։ Շղթան սկսվում է այդտեղից։

-Ներկա պահին որքանո՞վ է ակտիվ հիփոթեքային վարկավորումը մարզերում և հեռավոր վայրերում։ Ինչպիսի՞ն է գործարքների հարաբերությունը Երևանի հետ համեմատած։

-Իհարկե, Երևանում գործարքներ ավելի շատ են կատարվում։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջին՝ Երևանում ապրում են հանրապետության բնակչության շուրջ կեսը, երկրորդ՝ բնակարանային շինարարությունն այստեղ ավելի շատ է կատարվում։ Բացի այդ, հաճախ մարզերում ապրողները բնակարաններ են գնում Երևանում։ Ընդհանուր ծավալի տեսանկյունից՝ մեր տարամադրած 41.5 մլրդ դրամի վարկավորման մոտ 31 մլրդ դրամը Երևանում է կատարվել։ Բնականաբար, մարզերում ևս տրամադրվում են հիփոթեքային վարկեր, նախապայմաններ կամ տարբերակում չունենք, սակայն պետք է հաշվի առնել նաև , որ այստեղ ազդեցություն ունի բնակարանի գինը, քանի որ Երևանում բանակարաններն ավելի թանկ արժեն։

-Կառավարության որոշումը՝ եկամտային հարկի հետվերադարձի մասին, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ ընդհանուր հիփոթեքային շուկայի վրա։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս որոշումից։

-Որոշումը շարունակությունն է «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունների, որով սահմանվում է հետ վերադարձման կարգը: Բնականաբար, դա իր դրական ազդեցությունը կթողնի վարկավորման ծավալների վրա, քանի որ, եթե անհատի վճարած եկամտային հարկը ավելի շատ է, քան հիփոթեքի տոկոսները, ապա տվյալ հիփոթեքային վարկը փաստացի դառնում է 0 տոկոսով: Սա էական ազդեցություն կունենա մարդկանց եկամուտների և վարկի մարման գումարների հարաբերակցության վրա, որը, ինչպես գիտենք ազդում է անհատների վարկունակության գնահատականի վրա: Այսպես, Ազգային հիփոթեքային ընկերության վարկերի որակի նվազագույն ստանդարտների հիման վրա անհատների բոլոր պարտադիր վճարների (բոլոր վարկերի մարումների) և եկամտի առավելագույն հարաբերակցությունը պետք է լինի ոչ ավելի, քան 45%, այն դեպքում երբ եռամսյակը մեկ պետությունը հետ է վերադարձնում վճարված տոկոսները այդ գործակիցը ավելի է փոքրանում, քանի որ անձի ամսական վճարները պակասում են տոկոսագումարի հաշվին: Պետք է նշել նաև, որ Կառավարության որոշմամբ բավականին պարզ ընթացակարգ է սահմանված և մարդիկ կարող են մեկ անգամ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո յուրաքանչյուր եռամս յակ հետ ստանալ իրենց տոկոսագումարների բանկային հաշվի վրա:

Հարցազրույցը` Գոհար Ավետիսյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում