Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան սառեցվել է. Քաղաքագետ

Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան սառեցվել է. Քաղաքագետ

ԲՀԿ-ը փորձեց ֆալստարտի միջոցով երկրում ներքաղաքական գործընթաց սկսել՝ անտեսելով  այն գործոնները, որի  հետ բախվեց, երբ իշխանություններին  Գագիկ Ծառուկյանն  արտահերթ  ընտրությունների կազմակերպման  կոչ ուղղեց:

Այսօր լրագրողների հետ հանդիպմաը նկատեց  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ հնարավոր է, որ կուսակցության ներսում որոշները  մտածում էին, թե  սահմանադրական փոփոխությունների անցկացման ֆոնին իրենց կանխարգելիչ  արձագանքը ճիշտ քայլ է, որը, սակայն,  հաջողություն   չունեցավ:

Ըստ այդմ՝ կարելի է գուշակել, թե ինչ զարգացումներ կլինեն  ԲՀԿ-ի ներսում, ինչն առաջիկա  շաբաթների կամ օրերի ընթացքում առավել տեսանելի կլինի: Մի բան ըստ քաղաքագետի պարզ է՝ այլևս սկզբունքային հարց չէ, թե ինչ տեղի կունենա ԲՀԿ-ի հետ, այն որևէ  դրական հետք չի թողնի Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա:

 «Եթե դու ունես խոշոր բիզնես այս երկրում, և իշխանությունները քո բիզնեսի վրա ազդելու բավականին լուրջ լծակներ,  ապա իշխանափոխության հայտարարությունները պետք է այսպիսի ավարտ ունենային: Գաղտնիք չի, որ այդ ազդեցությունն իշխանությունները ունեն նաև ԲՀԿ-ի մյուս անդամների վրա, և նրանց դուրս գալը կուսակցությունից հենց դրա  մասին է վկայում»,-շեշտեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ փաստորեն, իրագործվեց Սերժ Սարգսյանի այն առաջարկը, թե Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա քաղաքականությունից: Այլ կերպ՝  «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան եթե չի ավարտվել,  ապա  գոնե  ժամանակավորապես սառեցվել է:

Այս համատեքստում  քաղաքագետը նկատեց, որ ունենք թուլացած ընդդիմություն և ոչ ուժեղ իշխանություն՝ հասարակության շրջանում լեգիտիմության առումով՝ վստահեցնելով, որ ՀԱԿ-ի հրավիրած  Մարտի 1-ի հանրահավաքում ևս որևէ շրջադարձ չի լինի.  կգա շատ մարդ՝ հարգելու 10-ը զոհերի հիշատակը:

Անդրադառնալով արտաքին քաղաքական իրադարձություններին, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղարի  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի Երևանում և Բաքվում հնչեցրած կոչին, թե Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների  նկատմամբ պետք է կատարել  հումանիտար ժեստ և հանձնել Ադրբեջանին, Սերգեյ Մինասյանն ակնարկեց, որ այն այսպես ասած՝ տրաֆարետային հայտարարություն էր, որը ոչնչի չի հանգեցնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում