Միջազգային «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային ցանցը մուտք է գործում Հայաստան

Միջազգային «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային ցանցը մուտք է գործում Հայաստան

Աշխարհում ամենամեծ հյուրանոցային խմբերից մեկը` «Կարլսոն Ռեզիդորը» դարձել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի կառավարիչ և այն վերանվանել «Ռեդիսոն Բլյու Հոթել Երևան»: Վերջինը, ամբողջությամբ վերանորոգված և արդիականացված, շահագործման կհանձնվի 2016 թվականի սկզբին:

Ձեռքբերման պայմանագրի ստորագրման ժամանակ «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի փոխնախագահ Արիլդ Հովլանդը հայտնեց, որ Հայաստանի հյուրանոցային համալիրի ձեռքբերմամբ «Կարլսոն Ռեզիդորը» իր աճող պորտֆելին նոր երկիր է ավելացնում: «Ողջ տարածաշրջանում ընկերությունը ներկայացված է շահագործվող և կառուցվող ավելի քան 70 հյուրանոցով և 17 հազար սենյակով: Բավականին երկար տևեց մեր մուտքի գործընթացը, եղան շատ բարդություններ, սակայն այսօր արդեն կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ կգործենք նա և Հայաստանում: Դուք ունեք ահռելի պտմամշակութային ժառանգություն և մեծ սփյուռք, որը ևս հետաքրքիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Հովլանդը: Նա շեշտեց, որ իրենց մուտքը Հայաստանի համար կարող է լավ մարքետինգային գործիք ծառայել և ավելացրեց, որ հյուրանոցային համալիրում բոլոր աշխատակիցները լինելու են հայաստանցիներ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նշեց, որ այսպիսի հյուրանոցային ցանցերի ավելացումը Հայաստանի զբոսաշրջության ճյուղի համար կարող է լուրջ խթան լինել: «Սա ընդգծում է Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային զբոսաշրջային շուկայում և ընդհանրապես ուժեղացնում մեր դիրքերը զբոսաշրջային քարտեզում: Ընկերությունը ցանկանում է Հայաստանում ներդնել զբոսաշրջային և հյուրանոցային նոր մշակույթ»,- ասաց նախարարը: Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ «Կարլսոն Ռեզիդորի» մուտքը կխթանի միջազգային այլ հեղինակավոր հյուրանոցային խմբերի հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև կնպաստի երկրում հյուրանոցային բիզնեսի և, ընդհանրապես, զբոսաշրջության զարգացմանը:

Երևանյան «Ռեդիսոն Բլյու Հոթել Երևան» հյուրանոցն այժմ բարեկարգվում և ընդլայնվում է: Ինտերիերի ձևավորումն իրականացնում է «ԱՐԱ Դիզայն Ինթերնեշնլ» ընկերությունը (Լոնդոն), խոհանոցներն արդիականացվում են «Կ3»-ի կողմից (Գերմանիա), նախագծի ընդհանուր խորհրդատվությունը գլխավորում է «ԱՎ Փրոջեքթը» (Ռուսաստան):

Աշխատանքների ավարտից հետո հյուրանոցը կառաջարկի շուրջ 140 սենյակ՝ բարձրակարգ ծառայություններով, ինչպիսիք են գերարագ և անվճար ինտերնետը, շուրջօրյա ռեստորանը՝ բացօթյա մեծ պատշգամբով, տանիքի բացօթյա գրիլ-ռեստորանը՝ քաղաքի և Արարատ լեռան համայնապատկերով, լոբբի-բարը, 500 քմ հանդիպումների տարածքը, ավելի քան 1000 քմ բարձրակարգ ֆիթնես և սպա գոտին՝ նախագծված և կահավորված միջազգային չափանիշներին համապատասխան և ավտոկայանատեղի:

«Կարլսոն Ռեզիդորն» աշխարհում ամենամեծ և ամենաարագ զարգացող հյուրանոցային խմբերից մեկն է, որը գործում է 105 երկրներում՝ ավելի քան 1350 հյուրանոցով և 180 հազար հյուրասենյակով: «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խումբն ունի 88 հազար աշխատակից, իսկ գլխամասային գրասենյակները գտնվում են Մինեապոլիսում (ԱՄՆ) և Բրյուսելում (Բելգիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում