Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է ապրիլին նախատեսված Սրբադասման արարողության հետ կապված հարցեր

Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է ապրիլին նախատեսված Սրբադասման արարողության հետ կապված հարցեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, փետրվարի 24-26-ը գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովն սկսվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Նորին Սրբությունը նկատել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարվա առաջին ժողովն է գումարվել, որի օրակարգում ընդգրկված են տարելիցին առնչվող արարողությունների կազմակերպչական հարցեր, եկեղեցական-թեմական զանազան խնդիրներ: Վեհափառ Հայրապետն արդյունավոր աշխատանք է մաղթել ժողովականներին` վստահություն հայտնելով, որ ժողովում ընդունված որոշումները կնպաստեն նախատեսված միջոցառումների ու հոգևոր արարողությունների բարեհաջող անցկացմանը և հոգևոր-եկեղեցական կյանքի առաջընթացին:

ԳՀԽ նիստերն ատենապետել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անդրադարձել են ապրիլի 22-24-ը Հայաստանում և Մայր Աթոռում կազմակերպվելիք Սրբադասման արարողությանը և ոգեկոչման միջոցառումներին: Այս կապակցությամբ զեկույցներով են հանդես եկել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Քննարկվել են ապրիլի 22-ի Հսկման արարողության, ապրիլի 23-ի Ս. Պատարագի և Սրբադասման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, տեղեկություններ են փոխանցվել սրբապատկերի և մասնատուփի պատրաստման, շարականի կանոնի բազմաձայնման գործընթացի մասին, ինչպես նաև հիշատակի այլ արարողություններին Հայ եկեղեցու մասնակցության վերաբերյալ:

ԳՀԽ-ին ներկայացվել է, որ Մայր Աթոռի հրավերին ընդառաջ՝ ապրիլի 22-24-ի արարողություններին կմասնակցեն 38 եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թվում դավանակից չորս եկեղեցիների և երեք Ուղղափառ եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ և գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան և Բողոքական եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից և Դարֆուրից: Արարողություններին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ աշխարհասփյուռ բոլոր Հայոց թեմերից:

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար` Գերագույն հոգևոր խորհուրդը հանձնարարել է նույն նախանձախնդրությամբ շարունակել նախատեսվող արարողությունների պատշաճ կազմակերպումը:

Գերագույն հոգևոր խորհրդին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը զեկույց են ներկայացրել Քույր եկեղեցիների հոգևոր կենտրոններում և Սփյուռքի հայաշատ կենտրոններում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների վերաբերյալ:

Ժողովականները քննության են առել նաև Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման ընդհանուր ուղեցույցի նախագիծը, որի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀԵԵՄ պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Այս առնչությամբ տեղեկացվել է, որ 2015թ. հուլիսին նախատեսվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել ՀԵԵՄ պատգամավորական երրորդ ժողով:

Գերագույն հոգևոր խորհրդին Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից ներկայացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության 2014թ. տարեկան հաշվետվությունը, որում անդրադարձ է կատարված անցնող տարում հայրապետական ընդունելություններին ու այցելություններին, ներեկեղեցական և միջեկեղեցական ասպարեզներում իրագործված ծրագրերին, Մայր Աթոռի միաբանությանը, Մայր Աթոռի բաժինների և թեմերի գործունեությանը, Եկեղեցու քարոզչական, կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը:

Տեղեկացվել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսության եկեղեցականության թիվը 737 է, որոնցից 56-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 43-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 50-ը` աբեղա, 446-ը` քահանա, 142-ը` սարկավագ: Անցյալ տարի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման են արժանացել 3 վարդապետներ, ձեռնադրվել են 27 ամուսնացյալ քահանաներ, 22 սարկավագներ:

2014թ. Մայր Աթոռի կառույցներում աշխատել է 982 անձ: 2014թ. Մայր Աթոռ հոգևոր-կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 230 սան, որից 104-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում, 74-ը` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 39-ը` Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 23-ը` Քահանայից պատրաստման եռամյա լսարանում: Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող 7 հայորդյաց տներում, ուր հաճախում են ավելի քան 3000 երեխաներ և պատանիներ, 2014թ. եկեղեցական, ազգային և պետական տոների առիթներով իրականացվել է 225 միջոցառում:

Անցյալ տարում Մայր Աթոռը շարունակել է քարոզչական ընդգրկուն գործունեություն իրականացնել ազգային մեր կյանքի տարբեր ոլորտներում` հանրակրթության ոլորտում, երիտասարդության շրջանում, ՀՀ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Մայր Աթոռի անմիջական ենթակայության ներքո գտնվող վանքերում:

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ 2014թ. հունվարին հիմնադրված Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն է ցուցաբերել ազգաբնակչության առավել կարիքավոր խմբերին: Հաշվետու տարում մեծ ծավալի հոգևոր խնամատարություն է իրականացվել, այդ թվում դրամական աջակցություն է ցուցաբերվել 25.000 հոգու:

Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական պատվիրակություններում 2014 թվականին օծվել է 18 նոր եկեղեցի, կառուցման և վերանորոգման փուլում է գտնվում 98 եկեղեցի: Թեմերից ներս գործել է 896 ծուխ և ծխական առաքելություն: Թեմերի հովանու ներքո գործել է 241 կիրակնօրյա դպրոց:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2014թ. ֆինանսական հաշվետու զեկույցը:

ԳՀԽ ժողովի ընթացքում զեկույցներ են ներկայացվել Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդների ընտրության գործընթացի մասին, ինչպես նաև քննարկվել են Հոլանդիայի, Բելգիայի և Ծայրագույն Արևելքի եկեղեցական համայնքներին առնչվող հարցեր:

Ժողովը փակվել է Ամենայն Հայոց Հայրապետի պատգամով և «Պահպանիչ» աղոթքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում