Շարմազանովը կարևորում է հեռուստաեթերն «աղբից» մաքրելը

Շարմազանովը կարևորում է հեռուստաեթերն «աղբից» մաքրելը

Հայաստանում յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի առողջ, ազգային դաստիարակությամբ տոգորված, բարոյական, քրիստոնեական սերունդ ունենալը, ինչում մեծ անելիք ունեն նաև հեռուստաընկերությունները: Այս մասին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իմ խորին համոզմամբ՝ չկա ինֆորմացիա, որը պրոպագանդա չէ: Էլ չեմ ասում, որ կան հաղորդումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի դաստիարակում են կամ չեն դաստիարակում: Հիմա, եթե մենք ուզում ենք ունենալ, ինչպես մենք ենք ասում, առողջ, բարոյական, քրիստոնեական, հայրենասեր սերունդ, ապա պետք է սկսենք ճանաչողությունից: Չկա հայերանսիրություն առանց ճանաչողության: Ես այն կարծիքին եմ, որ մեր բոլոր հեռուստաընկերությունները պետք է ավելացնեն ճանաչողական հաղորդումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով` տարբեր հեռուստաալիքներով կա մի հաղորդումների շարք, որոնց ընթացքում մարդիկ ճաշ են եփում: «Հասկանում եմ, որ սա էլ է պետք, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Ինձ մոտ տպավորություն է, որ նույն հաղորդումները անընդհատ կրկնվում են տարբեր հեռուստաալիքներով: Մենք հո որկրամոլ չե՞նք: Հեռուստաալիք կա, որ նման մի քանի հաղորդում ունի: Մեր նպատակը ո՞րն է՝ հասկանալ, թե ո՞վ է լավ բորշիչ կամ ձվածեղ սարքում: Ընդունում եմ, որ սա պետք է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,- նկատեց ԱԺ փոխնախագահը:

Անցյալ տարի եղել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակը, սակայն, Շարմազանովի բնորոշմամբ, ինքը, բացի լրատվական մի քանի հաղորդումներից, շատ քիչ է տեսել, որ Շիրազի 100-ամյակին անդրադարձ եղած լինի հեռուստաալիքներով: «Սակայն մենք պետք է անենք դա: Ինչո՞ւ է մեզ թվում, թե բոլորը գիտեն՝ ով է Հովհաննես Շիրազը կամ ով է եղել Համո Սահյանը: Ի վերջո, մենք պետք է ամեն օր դաստիարակենք մեր նոր սերնունդը»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Անցյալ տարի լրացել է «Արարատ 73»-ի փառապանծ հաղթանակի 40-ամյակը: Շարմազանովին մտահոգում է այն հանգամանքը, որ «Արարատ 73»-ին նվիրված հաղորդումներ չեն եղել, բացառությամբ մի քանի հաղորդումներից: «Կարելի էր չէ՞ անդրադառնալ: Չեմ կարծում, որ դրա համար մեծ գումարներ են պետք: Ընդամենը ցանկություն էր պետք, որ մենք մեր նոր սերնդին ներկայացնեինք մեր հերոսներին: 20-րդ դարում մենք մի քանի զարթոնք ենք ունեցել: Մեկը Սարդարապատն է, մեկը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն է, մեկը 1963թ. շախմատի աշխարհի առաջնությունում Տիգրան Պետրոսանի հ աղթանակն է, մյուսը 1965թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն է, մյուսը 1973թ. «Արարատ»-ի հաղթանակն է, հետո արդեն գալիս է 1988թ. արցախյան շարժման զարթոնքը: Եթե մենք չենք ներկայացնում «Արարատ 73»-ի մեր փառապանծ տղաների հերոսությունը, ի՞նչ պետք է ներկայացնենք: Այդ մարդիկ մի ամբողջ խորհրդային կայսրությունում հաղթել են: Եվ այդ 70 հազարանոց «Հրազդան» մարզադաշտը բացականչում էր ««Արարա’տ», հուպ տուր», դա ազգային ոգու պոռթկում էր»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա նաև հիշեցրեց, որ այս տարի լրացել է «Արարատ 73»-ի հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակը, ով խաղացել է նաև Խորհրդային Միության ազգային հավաքականում: «Ես դեռ չեմ տեսել, որ որևէ մեկը Խորեն Հովհաննիսյանին նվիրված հաղորդում ներկայացնի: Մեր հարևան երկրում, եթե Խորեն Հովհաննիսյանին գոնե մի քիչ մոտեցող ֆուտբոլիստ ունենային, առավոտից իրիկուն կգովաբանեին կայքերով և բոլոր հեռուստաընկերություններով»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը կարևորում է նաև հասարակություն-Հայ Առաքելական Եկեղեցի կապի ապահովումը, ինչը հայկական հեռուստաընկերություններն այդքան էլ լավ չեն անում: Նա նշեց, որ կան որոշ հաղորդումներ, որոնց ընթացքում հոգևորականներ, սրբազան հայրեր խոսում են, սակայն դա քիչ է:

Նա ցավով է խոսում այն մասին, որ Հայաստանն Արցախյան հերոսամարտի վերաբերյալ ընդամենը մեկ ֆիլմ է նկարել, որի հերոսը չգիտակցված գնացել ու հերոս է դարձել: «Մենք հանում ենք մի ֆիլմ, որի հերոսը հանցագործություն է անում, Երևանից փախչում-գնում է Ղարաբաղ, որտեղ ստիպված կռվում է թուրքի դեմ: Սակայն մենք շատ հերոսներ ունենք, որոնցից մի քանիսն էլ այս դահլիճում են նստում: Նրանց կյանքի օրինակով կարելի էր արցախյան ազատամարտի մասին շատ լավ ֆիլմ նկարահանել»,- նշեց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև եթերով մատուցվող երաժշտությանը՝ ընդգծելով, որ 90 տոկոսը կլկլոց է, իսկ մնացած 10 տոկոսի մեջ նոր ճաշակ են տեղավորում: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ինքը սահմանափակ մարդ չէ և հասկանում է, որ երաժշտության բոլոր տեսակներն էլ պետք են, սակայն ամեն ինչ իր չափն ունի: «Վերջին անգամ մենք երբ ենք լսել Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի կատարումները: Մենք խոսում ենք հայրենասեր սերնդի մասին: Այդ սերունդը օդից չի ընկնելու, մե’նք պետք է այդ սերունդը դաստիարակենք»,- շեշտեց խորհրդարանի փոխնախագահը:

Եզրափակելով ելույթը՝ Շարմազանովը նկատեց, որ ինքն այս պահին ոչ թե քննդատում է, այլ առաջարկներ է ներկայացնում` հավելելով, որ այս հարցում հեռուստաընկերություններին պետք է օգնեն նաև իշխանությունները: Նրա խոսքով՝ հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի հեռուստատեսությունը մաքրվի «աղբից», որպեսզի եթերը լինի ճանաչողական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում