Հռչակագիրը գործողությունների փաստաթուղթ կամ ճանապարհային քարտեզ չէ. այն տվեց տեսլականը

Հռչակագիրը գործողությունների  փաստաթուղթ կամ  ճանապարհային քարտեզ  չէ. այն տվեց տեսլականը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում որքանով կարելի է բավարար համարել պետական միջոցառումները, որքանով տրաֆարետային, որքանով վստահ լինել, որ համահայկական  Հռչակագիր-տեսլականը կվերածվի գործողությունների ծրագրի կամ ճանապարհային քարտեզի: Ի վերջո, որքանով հայկական կողմին հաջողվեց կամ կհաջողվի միջազգային հանրության համար ընկալելի դարձնել  իր մոտեցումները, ավելին՝ փոխել նրանց այս կամ այն դիրքորոշումը՝ Հայկական հարցի, Հայաստանի և Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության հետ կապված: Այս և այլ հարցերի շուրջ Times.am-ը զրուցել է խնդրի հետ առնչվող ոլորտների մասնագետների հետ:

Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ Հռչակագիրը գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ չէ, դա մի փաստաթուղթ է, որտեղ զետեղված են Ցեղասպանության հետ կապված հիմնական հասկացությունները: «Հռչակագիրն այլ նպատակի է ծառայում, իրավական հետազոտությունները՝ այլ: Հռչակագիրն ուղղված էր պատմական, իրավական, քաղաքական կողմերը վերահաստատելուն: Այսինքն՝ անպայման չէ, որ Հռչակագիրը և իրավական հետազոտությունները   փոխկապակցված լինեն: Իրավական հետազոտությունները չպետք է  պայմանավորել այս փաստաթղթով, դրանք լինելու են մինչև  Ապրիլի 24-ը և դրանից հետո: Ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդիրը պետք է մնա իրավական դաշտում և  իրավական հետազոտությունները պետք է շարունակվեն: Այլ հարց է, որ իրավական խնդիրները միատարր չեն, ուստի  պետք է հստակեցնել, թե որ հարցը կամ ուղղությունն ենք գերակա համարում: Կան մոտեցումներ, որոնք նոր են իրավաքաղաքական  դաշտում, որի  ուղղությամբ նոր-նոր առաջին քայլերն ենք անում: Չպետք է մեկ փաստաթղթի տեսքով ինչ-որ բան սպասել  իրավական թղթածրարից, դա անընդհատ համալրվելու է՝ կազմված լինելով  մի շարք փաստաթղթերից: Պահանջները միատեսակ չեն, դրանք բազմաշերտ են և պահանջատիրությունից խոսելու  համար պետք է   հաշվի առնենք  ումից ինչ ենք պահանջում»,-ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից Սիսի Հայոց կաթողիկոսարանի վերադարձման Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացվելիք թղթածրարը համարելով  100-ամյակի իրավապահանջատիրության բաղադրիչը:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը համաձայնեց միջազգային իրավունքի մասնագետի հետ՝ շեշտելով, որ մենք Հայկական հարցի հետ կապված քայլերը ժամկետավորում ենք, ինչ-որ վերջնաժամկետ ընտրում, թե  ամեն ինչ արվելու է Ապրիլի 24-ին և հետո  մի ամբողջ տարի դադար: Կամ 100-ամյակի շրջանակում Ապրիլի 24-ից հետո սկսվելու է անորոշության շղթա:

«Դա տարածված մոլորություն է, որովհետև  սա գործընթաց է և կատարված քայլերը, միջոցառումները հետագայում ավելի հստակ են դառնալու: Հռչակագիրը պարզապես տվեց տեսլականը, այն գործնական քայլերի փաստաթուղթ չէ: Առաջին անգամ ՀՀ-ի և Սփյուռքի  մոտեցումների հավաքականություն,  մեկտեղում  տեղի ունեցավ: Հռչակագիրը ձևակերպեց սա, որ ՀՀ-ը և Սփյուռքն այս հարցում նույն դիրքից են հանդես գալիս»,-շարունակեց թուրքագետը՝ նկատելով, որ ճիշտ չէ երկու-երեք ամիս հետո գործնական լուրջ արդյունք սպասելը կամ պահանջելը, քանի հնարավոր է, որ գործընթացը 5-10 տարի դեռ շարունակվի:

Ըստ նրա՝ կարևորն այն է, որ իրավապահանջատիրական  գործնական քայլերի  հիմքերը դրված են, գործընթացը՝ սկսված.«Այլընտրանք չկա, քաղաքական, բարոյական, միջազգային ճանաչման բանավեճերն այլևս արդիական չեն, գոնե մեզ համար: Արդեն պետք է գործել առավել առարկայական, որի իրավական բաղադրիչն է կարևոր»:

Այս համատեքստում թուրքագետը նկատեց, որ միջազգային հանրությանը պետք է համապատասխան ազդակներ ուղարկել՝ ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը  ձախողվեց Թուրքիայի մեղքով և ոչ վստահելի գործընկերոջ կարգավիճակում  հայտնվեց. «Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված հիշատակի միջոցառումները հստակ ցույց են տալիս, որ Թուրքիան գնացել է կեղծարարության՝ մարտի 18-ը փոխարինելով ապրիլի 24-ով: Սա ձեռառնելիք է ուղղված հենց միջազգային հանրությանը՝ Մեծ Բրիտանիային, դաշնակից մյուս ուժերին: Գուցե ներքուստ սա հասկանում են, բայց, ցավոք սրտի, այս գործընթացները քաղաքական շահերի տիրույթից այն կողմ չեն անցնելու և  խնդիրներին այս  տրամաբանությունից են մոտենալու: Ուստի սրանից պետք չի ողբերգություն սարքել, բնական է՝ այդպես էլ պիտի լինի: Մի բան հստակ է՝ Թուրքիան իրեն դրեց փակուղային իրավիճակում, որովհետև որևէ կայացած պետություն պատմության կեղծարարության չի դիմում: Որքան էլ շահեր լինեն, միևնույն է այն  վարկանիշային առումով ինչ-որ բան փոխում է Թուրքիայի նկատմամբ»:

Թուրքագետը  հավելեց, որ հայ-թուրքական արձանագրության նախաստորագրման հենց սկզբից պարզ էր, որ Թուրքիան այն չի վավերացնելու՝ նկատելով, որ թեպետ հայկական կողմը սրան գնացել էր առանց նախապայմանների, բայց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սրանից չտուժեց, ոչ էլ ԼՂ հարցում ինչ-որ բան փոխվեց:

ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ  Մինասյանը դրական և լուրջ քայլ համարելով  համահայկական Հռչակագրի ընդունման փաստը, նկատեց, որ այն Հայկական հարցը տեղափոխեց իրավական, պահանջատիրական հարթություն: Այլ հարց է, որ այս գործընթացը պետք է արագացնել՝ տնտեսական հաշվարկներ, իրավական մշակումներ, որի համար կան հիմքեր, փաստաթղթեր՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից մինչև Սևրի պայմանագիր:

«Միջազգային դատարան պետք է մտնենք, եթե անգամ չշահենք, բայց աշխարհին մեսիջ կուղարկենք: Միջազգային ճանաչումից շեշտադրումը փոխհատուցման վրա պիտի տանենք, իսկ սրա համար մասնագետներ պիտի պատրաստվեն, ներդրումներ արվեն: Իհարկե, պետք է լուրջ փաստաթուղթ լինի, որպեսզի հակադրումներն էլ դժվար լինեն կամ չլինեն»,-ընդգծեց պատմաբանը՝ նկատելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն Էրդողանին բավականին ուժեղ էր, երբ ներկայացվեցին փաստեր Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված:

Ըստ պատմաբանի՝ Թուրքիայի սպասելիքներն այս հարցում չարդարացան՝ մասնակից պետությունների քանակի առումով, ինչը վատ դրության մեջ դրեց երկրին:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում