«Ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ». Յաիր Աուրոնը շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար

«Ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ». Յաիր Աուրոնը շարունակելու է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ աշխարհի հայությունը և Հայոց ցեղասպանության ճշմարտության ջատագով, հայ ժողովրդի բարեկամները պատրաստվում են ապրիլի 24-ին ոգեկոչել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այս դարակազմիկ իրադարձությունով Հայաստանի և սփյուռքի հայությունը պատրաստվում է տալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և իրավական պ ահանջների՝ անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկը: «Արմենպրես»-ը զրուցել է իսրայելցի հայտնի գիտնական, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության, ռասիզմի և ժամանակակից հրեագիտության փորձագետ Յաիր Աուրոնի հետˋ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հասնելու նրա տեսլականի մասին:

-Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ դուք նշել էիք, որ Իսրայել վերադառնալուց հետո շարունակելու եք պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:

-Ես ամենուր եմ այդ մասին ասում, ոչ միայն այնտեղ (ժպտում է): Ես Հայոց ցեղասպանություն և ընդհանուր ցեղասպանություն եմ դասավանդում Իսրայելի բաց համալսարանում: Ամեն տարի մենք 4 հազար 5 հարյուր ուսանող ենք ունենում, որը մեծ թիվ է, և Հայոց ցեղասպանության մասին դասագիրքը ներառվել է ուսումնական ծրագրում: Սա տարբերակներից մեկն է: Բացի այդ, մենք հանրային խնդրագիր ենք նախաձեռնել, որով պահանջում ենք կառավարությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենքˋ այն ներակայացնել մինչև ապրիլի 24-ը: Թեև ես մի փոքր կասկածամտորեն եմ տրամադրված, բայց արդեն մեծ թվով ստորգարություն է հավաքել: Ես մեծ հավատ ունեմ կրթության հանդեպ և իմ ջանքերը ներդնում եմ այդ ոլորտում:

-Ինչպիսի՞ն է այսօր Իսրայելի բնակչության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ: Արդյո՞ք այնտեղ տեղյակ են 20-րդ դարի սկազբին հայերիկ կոտորածների մասին:

-Այո´, հեռուսատեսության, թերթերի, ակադեմիական գրականության միջոցով հիմա բնակչությունը շատ ավելին գիտի, քան նախկինում: Գիտեք, երբ իսրայելցիները տեղեկանում են Հայոց ցեղասպանության մասին, նրանց բացարձակ մեծամասնությունը իրենց նույնականացնում է ձեզ հետ: Խնդիրն այն էր, որ նախկինում նրանք չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես այսօր չգիտեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Սակայն երբ նրանք իմանում են, նրանք ձեզ հետ են:

-Ձեր կարծիքով, եթե հասարակությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, արդյո՞ք դա կփոխի պետության դիրքորոշումը Օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածների վերաբերյալ:

-Ո´չ, միգուցե ավելի ուշ, բայց ոչ հիմա: Կառավարությունը գարշելի շահեր է հետապնդում և դժբախտաբար չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա անընդունելի է ինձ համար, սակայն սա է իրականությունը: Թեև Իսրայելում կան կուսակցություններ, որոնք աջակցում են Հայկական հարցին, սակայն կառավարությունը շարունակում է չընդունել այդ փաստը: Միգուցե, խորհրդարանը որոշ պայմանների առկայության դեպքում ընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն ոչ կառավարությունը:

– Ապրիլի 24-ին Հայաստանում կլինե՞ք:

-Այո´: Ես դասավանդում եմ այստեղ (որպես հրավիրված դասախոս, իսրայելցի պատմաբանը դասախոսություն է կարդում Հայաստանի ամերիկյան համալսարանում «Համեմատական ցեղասպանություն» և «Համեմատական ինքնություն» թեմաներով-հեղ.):

-Հիմա նոր գքրի վրա՞ եք աշխատում:

-Այո´, գիրքը որի վրա հիմա աշխատում եմ փրկիչների մասին է. այն մարդկանց, ովքեր ցեղասպանության տարիներին, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ բոլոր ցեղասպանությունների, փրկել են ուրիշների: Երեք տարի եմ աշխատում այդ գրքի վրա: Այն կհրապարակվի այս տարի ամռան վերջին:

-Պատրաստվո՞ւմ եք Հայոց ցեղասպանության մասին նոր ուսումնասիրություն հրապարակել մոտ ապագայում:

-Ես որպես այդպիսին Հայոց ցեղասպանության մասնագետ չեմ, այլ ուսումնասիրում եմ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ, ժխտողականությունը: Ուսումնասիրություններ, իհարկե կլինեն: Ես չեմ պատրաստվում լքել ձեզ, ես ձեզ հետ կմնամ մինչև վերջ:

Հարցազրույցըˋ Սյունե Բարսեղյանի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում