«Բաղդասարյանները չգիտեն, որ ես նաև Բաղդասարյան եմ». Շառլ Ազնավուրի մորական կողմի պատմությունը

«Բաղդասարյանները չգիտեն, որ ես նաև Բաղդասարյան եմ». Շառլ Ազնավուրի մորական կողմի պատմությունը

Armeniangenocide100.org-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի մորական կողմի՝ Բաղդասարյանների պատմությունը:

«Հայրս Թուրքիայից չի եղել: Այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, որ նա Ցեղասպանություն է տեսել, Ցեղասպանության է ենթարկվել  մորս ընտանիքը՝ հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները: Իսկ տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա: Հայրս անցնում էր Թուրքիայով, նա ռուսական անձնագիր ուներ և գալիս էր Ռուսաստանից, իսկ մայրս գնացել էր Ստամբուլ՝ այցելելու իր տատիկին: Նրանք մեկնել են Ստամբուլից, անցել շատ դժվարությունների միջով, հալածվել են, չեն կարողացել նավ բարձրանալ, քանի որ կրակում էին, բայց նրանք չեն ապրել իրական Ցեղասպանությունը: Նրանք այն ապրել են իրենց սրտերում, ընտանիքներում, բայց ոչ անձամբ: Եթե ծնողներս լինեին Թուրքիայի նույն վայրից, միգուցե ընտանիքում ավելի շատ լաց ու կոծ լիներ: Բայց ես ունեի չափազանց տխուր մայր և  չափազանց  լավատես հայր: Մայրս միշտ արտասվում էր, երբ հիշում էր ծնողներին: Նա արտասվում էր, հայրս՝ ծիծաղում: Սրանք մարդկային իսկական կատակերգության երկու դիմակներն էին: Դրա համար մենք ոչինչ չիմացանք, սովորեցինք լավատես լինել, սովորեցինք գոյատևել, ինչը շատ կարևոր է գաղթականների համար:  Նրանք չէին ցանկանում մեզ ծանրաբեռնել ևս մեկ բեռով, քանի որ կար արտագաղթի բեռը, արտագաղթի ծանր բեռը: Նրանք զգույշ էին այդ հարցում: Ես շատ կուզենայի իմանալ, թե մորս կողմից կա՞ մեկը, որը ողջ է մնացել, բայց քանի որ ինձ ճանաչում են որպես Ազնավուր,  Բաղդասարյանները չգիտեն, որ ես նաև  Բաղդասարյան եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում