ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի իր մոտեցումների լիարժեք բավարարման դեպքում

ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի իր մոտեցումների լիարժեք բավարարման դեպքում

Իշխանությունների հետ կոալիցիա կազմելը երբեք չի կարող ինքնանպատակ լինել այնպիսի կուսակցության համար, ինչպիսին ՀՅԴ-ն է, որն ունի հստակ գաղափարախոսություն: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թ ե ՀՅԴ-ն պատրաստվում է կոալիցիա մտնել՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախագահն Ազգային ժողովից հետ է կանչել Հայ-թուրքական արձանագրությունները:

«Մենք մեր գաղափարներն ամբողջությամբ ներկայացրել ենք մեր 7 կետերի շրջանակում: Ասել ենք, որ, բնականաբար, չի կարող լուրջ համարվել մի քաղաքական ուժ, որը հրաժարվում է իր մոտեցումներից և գաղափարներից, ինչպես մենք տեսնում ենք այլ քաղաքական ուժերի կողմից: Մեզ համար նման գործելաոճն անընդունելի է: Անհասկանալի է, թե ինչպես կարող է քաղաքական ուժը երկար ժամանակ մի բան պահանջել, սակայն հետո, երբ տեսնի, որ բավարարում են այդ պահանջները, փոխի իր դիրքորոշումը և սկսի հակառակն ասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի մոտեցումները հստակ են, և կուսակցության միակ նպատակն այդ մոտեցումների իրականացմանը հասնելն է: «Մենք ներկայացրել ենք մեր առաջարկները 7 կետերի տեսքով: Եթե դրանք ընդունվեն, մենք չենք կարող հրաժարվել համագործակցությունից: Որովհետև հակառակ պարագայում կնշանակի, որ մենք ինքներս մեր առաջարկների մեջ համոզված չենք եղել: Սա խոսում է քաղաքական ուժի թուլության մասին, խոսում է այդ ուժի առաջարկների ոչ հիմնավոր լինելու մասին»,- ընդգծեց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ իրենց առաջարկների մասին, որ ներկայացրել են, խոսում են արդեն 20 տարի և խոսելու են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք Հայաստանում չեն իրականացվել: «Ազգային ժողովից արձանագրությունների հետկանչը մենք ողջունում ենք, սակայն ամբողջական պատկերը մենք դեռևս  չունենք այն քաղաքական կամքի դրսևորման առումով, որ այդ 7 կետերի ուղղությմբ հստակ, նախանշված ծրագրով կիրականացվեն քայլեր: Եթե այդպես լինի, մենք կմասնակցենք այդ գործընթացին»,– նշեց Ռուստամյանը:Հարցին, թե այդ 7 կետերից քանի՞սն են կատարվել և որո՞նք են, որ դեռևս չեն կատարվել, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ կետերը միմյանց հետ փոխկապակցված են:

«Դրանց մի մասը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը, մյուս մասը վերաբերում է սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ բարեփոխմանը, իսկ երրորդ մասը`մեր պետական խնդիրներին: Սրանցից որևէ մեկը լիարժեք իրականացված չէ: Կան հայտարարություններ, քայլեր, որոնք խոսում են այն մասին, որ երկիրը շարժվում է այն ուղղությամբ, որը մեզ համար ընդունելի է: Սակայն երբ ուզեգիծը մեզ չի բավարարում, մենք այնտեղ մտնելը նպատակահարմար չենք համարում: Մենք շատ ենք ստացել նման առաջարկներ: Նման առաջարկ ստացել ենք նաև առաջին նախագահից, սակայն այն ժամանակ մենք հասկացանք, որ այդ կառավարությունում անելիք չունենք»,- ընդգծեց Ռուստամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում