«Ժառանգություն»-ը ԲՀԿ-ի համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել

«Ժառանգություն»-ը ԲՀԿ-ի համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել

«Ժառանգություն» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Մենք այս պահին հրավեր չենք ստացել ԲՀԿ համագումարին մասնակցելու, սակայն չգիտեմ ընդհանրապես նրանք այլ քաղաքական ուժերի հրավիրելո՞ւ են, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Հարցին, թե համագումարի ընթացքում ԲՀԿ-ն հստակեցնելու՞ է «Ժառանգության» հետ հետագա համագործակցությունը, Ռուբիկ Հակոբյանը խորհուրդ տվեց չշտապել և սպասել համագումարին: «Համագումարին ընդամենը մեկ շաբաթ է մնացել, այնպես որ շատ մի շտապեք և կիմանաք, թե ինչ որոշում կկայացնի ԲՀԿ-ն»,– նշեց Հակոբյանը:

Հարցին, թե «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ կուսակցության վարչության անդամները մարտի 1-ին լինելու են Տավուշի մարզում, բարձրանալու են դիրքեր, ունենալու են հանդիպումներ քաղաքացիների հետ: «Նրանք, ովքեր կլինեն Երևանում, կարող են գնալ և մասնակցել հանրահավաքին»,- հայտնեց Հակոբյանը՝ վստահեցնելով, որ Տավուշի մարզ այցի  օրը հատուկ չեն ընտրել:

ԲՀԿ 8-րդ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին: Համագումարի ընթացքում կուսակցությունը հստակեցնելու է իր տեղն ու դերը քաղաքական դաշտում, պլանավորելու է գործողությունների հետագա ընթացքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում