ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է երկրի տնտեսական ցուցանիշները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է երկրի տնտեսական ցուցանիշները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2015 թվականի փետրվարի 27-ին հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014թ. հունվարին» զեկույցի համաձայն` 2014 թվականի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 3.4%-ով` կազմելով 4 տրլն 525.9 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, համախառն ներքին արդյունքի աճին նպաստել են առևտուրը և ծառայությունները, որոնց ավելացված արժեքի աճը կազմել է 5.2%, և գյուղատնտեսությունը, որի ավելացված արժեքի աճը կազմել է 7.8%: Շինարարությունը, նվազելով 3.3%-ով, զսպող ազդեցություն է ունեցել ՀՆԱ աճի վրա:

Ինչ վերաբերում է արդյունաբերությանը (ներառյալ` էներգետիկան), ապա ավելացված արժեքը նվազել է -0.1%-ով: Սակայն հատկանշական է, որ արդյունաբերության հատվածները դրսևորել են տարբեր միտումներ: Մասնավորապես, մշակող արդյունաբերության ավելացված արժեքի աճը կազմել է 7.7%, երբ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում հատվածը նվազել է 15.1%-ով: Նվազում է արձանագրվել նաև հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման հատվածում` -5.8%:

Այս իմաստով կարելի է նկատել, որ եթե արդյունաբերությունից զատենք էներգետիկան, ապա պատկերը միանգամայն այլ կստացվի: Նշված մոտեցմամբ՝ 2014 թվականի տարեկան նախնական տվյալներով, արդյունաբերության ավելացված արժեքի աճը կազմել է 5.1%:

Հետևեք մեզ նաև Telegram-ում