Գեղարքունիքում պետական աջակցությամբ բնակարան են ստացել ազատամարտիկների 6 ընտանիքիներ

Գեղարքունիքում պետական աջակցությամբ բնակարան են ստացել ազատամարտիկների 6 ընտանիքիներ

ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով 2014 թվականին Գեղարքունիքի մարզից Արցախյան ազատամարտի մասնակից հինգ հաշմանդամ եւ մեկ զոհված ազատամարտիկների ընտանիքների ֆինանսական աջակցություն է տրամադրել` բնակարան ձեռք բերելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, նախորդ տարում ֆինանսական աջակցություն է տրվել Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչ, մարտական դիրքերում 2014 թվականի ամռանը զոհված Արմեն Ավետիսյանի, տարբեր ժամանակներում մարտական գործողությունների ընթացքում հաշմված, Գավառ քաղաքի բնակիչ Մկրտիչ Հավհաննիսյանի, Վարդենիս քաղաքի բնակիչ Շիրակ Ղասաբյանի, Կարմիրգյուղի բնակիչ Ցոլակ Հովհաննիսյանի, Վերին Գետաշենի բնակիչ Ժորա Բաղդասարյանի եւ վաղաշենցի Հովսեփ Մկրտչյանի ընտանիքներին: «ՀՀ ՊՆ-ում «Կարիքավոր ընտանիքներին աջակցություն տրամադրող հանձնաժողով»-ի կողմից քննարկվել են զոհված /մահացած/ կամ հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների/ 2003 թվականից մինչ օրս հաշվառված կարիքավոր կամ անօթեւան ընտանիքներին բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդիրները, եւ ընտանիքները ընտրելիս հաշվի են առնվել որոշ պարտադիր պայմաններ:

ՊՆ-ի կողմից ընտրվել են սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, ժամանակավորապես դպրոցներում, մանկապարտեզներում, ժամանակավոր կացարաններում, վթարային 4-րդ աստիճանի խարխուլ տներում, նկուղային շենքերում եւ բնակության համար ոչ պիտանի շինություններում, ազգականների մոտ, ապօրինի զբաղեցրած բնակարաններում, հանրակացարաններում, հյուրանոցներում, վարձով կամ պետական բնակարանային ֆոնդի տներում բնակվող ընտանիքները, որոնց անդամներից մեկը տառապում է որոշ հիվանդություններով»,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:

Հատկացումները կատարվել են պետական միջոցներից, եւ կարիքավոր ընտանիքներին բնակարանի ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու չափը որոշվել է նրանց ընտանիքի անդամների եւ հասանելիք սենյակների թվով: Ցոլակ Հովհաննիսյանի, Արմեն Ավետիսյանի, Հովսեփ Մկրտչյանի, Շիրակ Ղասաբյանի, Մկրտիչ Հավհաննիսյանի ընտանիքները կազմված են չորսական, իսկ Ժորա Բաղդասարյանի ընտանիքը` մեկ անդամից:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում