Հայաստանը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հիմնական երաշխավորն է. Մելիք-Շահնազարյան

Հայաստանը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հիմնական երաշխավորն է. Մելիք-Շահնազարյան

Միանշանակ է, որ թե Եվրասիական տնտեսական միությունը, և թե Եվրոպական միությունը Հարավային Կովկասում հետապնդում են քաղաքական և տնտեսական շահեր: Այս շահերի համատեքստում երկու կողմերն էլ պատրաստ են գործակցելու տարածաշրջանի պետությունների հետ: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ավելացնելով նաեւ, որ այդ համագործակցությունը հաճախ բարձր մակարդակի վրա է դրված: «ԵԱՏՄ-ի պարագայում Հայաստանն արդեն կառույցի անդամ է, եւ դրա շնորհիվ այն նաեւ տարածաշրջանային կառույց է, այսինքն՝ Հարավային Կովկասում գտնվող և գործող կառույց է: Եվրամիությունը շատ բարձր մակարդակի գործակցություն ունի և Վրաստանի, Հայաստանի, և այնուհետև Ադրբեջանի հետ: Տնտեսական տեսանկյունից Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները և, ընդհանրապես, այդ երկրի տարանցիկ հնարավորությունները բավական լուրջ հետաքրքրություն են ներկայացնում Եվրասիական միության համար, հատկապես՝ կառույցում գործող միջազգային կազմակերպությունների համար»,-նշել է նա:

Ադրբեջան՝ նավթ, Հայաստան՝ աշխարհագրական լավ դիրք, աշխարհաքաղաքական այս գործոններից ո՞րն է ավելի կարեւոր՝ քաղաքագետը կարծում է, որ դրանք փոխկապակցված հետաքրքրություններ են: Քանզի, առանց կայունության և առանց տարանցիկ հնարավորությունների՝ Ադրբեջանի նավթն ու գազն արժեքավոր կլինեին բացառապես Ադրբեջանի կամ գուցե հարակից մեկ- երկու երկրի համար: «Այսօր կա հնարավորություն ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Կասպից ծովի ավազանից նավթ և գազ տանելու Արևմուտք, ընդ որում, շրջանցելով Ռուսաստանը, և այս տեսանկյունից, իհարկե, զուտ տարանցիկ լինելու հանգամանքն Արևմուտքի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Ադրբեջանի նավթն ու գազը»,-համոզմունք է հայտնել քաղաքագետը: Ավելին, այս համատեքստում, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի էներգետիկ պաշարներն այդքան էլ մեծ չեն՝ Եվրոպային հետաքրքիր լինելու համար, բայց Մելիք-Շահնազարյանն ընդգծում է, որ եթե դրանց գումարվում են թուրքմենական և ղազախական ռեսուրսները, ապա տարածաշրջանը միանգամայն այլ նշանակություն է ստանում Արևմուտքի համար:

Այն դիտարկմանը, թե ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր գերտերությունների համար, քաղաքագետը պատասխանել է՝ Հայաստանը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հիմնական երաշխավորն է տարածաշրջանում: «Առանց այդ անվտանգության և կայունության որևէ տնտեսական և, հատկապես, էներգետիկ պրոյեկտ մեր տարածաշրջանում չէր կարող իրականություն դառնալ և կմնար ընդամենը բարի ցանկությունների մակարդակում: Բայց Հայաստանն այսօր ապահովում է այդ անվտանգությունը, ինչից ֆինանսապես շահում են հիմնականում Ադրբեջանը և Վրաստանը, իսկ նոր վերջում՝ մենք»,-նկատել է նա: Բացի ընդհանուր անվտանգության խնդիրների ապահովումից՝ Հայաստանն ունի նաեւ զսպող մեծ ներուժ տարածաշրջանի այլ պետությունների ակտիվությունը կասեցնելու համար: «Եթե դիտարկենք մեր երկիրը Եվրոպայի տեսակետից, ապա Հայաստանն այն պետությունն է, որը, ըստ էության, թույլատրում է Արևմուտքին լուծել Թուրքիայի ակտիվության խնդիրը և Հարավային Կովկասում, և Մերձավոր Արևելքում, և հատկապես՝ Եվրամիություն նրանց ձգտումներին: Այսինքն, հայկական գործոնը՝ որպես զսպող մեխանիզմ, որպես գործիք շատ թանկ արժե Արևմուտքի համար»,-վստահեցրել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է այս հարցին Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի տեսանկյունից նայելուն, ապա «այստեղ Հայաստանի դերակատարումն ավելի շատ է բարձրանում, քանի որ Ռուսաստանի պես կայսրությունները պետք է ունենան հենման կետեր հարակից տարածաշրջաններում, որպեսզի կարողանան կայուն լինել և գոյատևել և, փաստացի, Հայաստանն այդ հենման կետերից է»,-պարզաբանել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Արեւմուտք-Ռուսաստան ներկա լարված հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա հարցին, քաղաքագետը նախ նկատում է, որ այդ հարաբերություններում արդեն դրական տեղաշարժ կա եւ ճգնաժամն աստիճանաբար հաղթահարվում է, հատկապես՝ եվրոպական երկրների հետ: Եւ երկրորդը՝ Հայաստանը տարիներ շարունակ կանգնած է եղել նման երկընտրանքի առջև, բայց մեր դիվանագիտությանը հաջողվել է պահել այդ փոխադարձ հետաքրքրությունը և վստահությունը երկու կողմի հետ էլ: «Եւ քանի դեռ հակամարտող կողմերից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել ամբողջությամբ հոգալու Հայաստանի հոգսերը՝ և տնտեսական, և քաղաքական, և հատկապես անվտանգության, ապա որեւէ պահանջ հայկական կողմի առջեւ երբեք ոչ մեկը չի դրել: Հիմա մենք ԵՏՄ անդամ ենք, բայց դա չի նշանակում, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները պակասում են, ամենևին էլ ոչ, այլ հակառակը»,-ընդգծել է քաղաքագետը եւ հավելել, որ այժմ ՀՀ արտգործնախարարությունն աշխատում է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում