Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է դիվերսիան հետ մղած Արտակ Աղեկյանին և Հայկ Բարոյանին

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է դիվերսիան հետ մղած Արտակ Աղեկյանին և Հայկ Բարոյանին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Արտակ Աղեկյանը եւ Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ` 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում