«Ժողովուրդ». «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը փակվում է՝ միանալով «Էվրիկա»-ին

«Ժողովուրդ». «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը փակվում է՝ միանալով «Էվրիկա»-ին

Այսօրվանից այլևս չի գործելու «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի՝ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույն հասցեում գործելու է «Էվրիկա» սուպերմարկետը, որը Երևանում մի քանի մասնաճյուղ ունի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրն, ըստ էության, չի հերքել նաև «Մոսկվիչկա» ցանցի սեփականատեր նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը: Նա ասել է, որ փակվելու է սուպերմարկետն ու այլ ցանցի է միանալու: Հարցին՝ փաստորեն Դուք այլևս որևէ առնչություն չեք ունենալու սուպերմարկետի հետ, այսինքն՝ այլևս այդ ոլորտում բիզնես գործունեություն չեք ծավալելու, Արմեն Նազարյանը պատասխանել է. «Ոչ, ես որևէ առնչություն չեմ ունենալու, ես դա անում եմ, որպեսզի լուծեմ, թե բանկերի, թե մատակարարների հետ կապված հարցերը»:

Անդրադառնալով երկրից արտագաղթելու մասին լուրերին՝ նա նշել է, որ նման բան չկա. «Խնդրում եմ նման հերյուրանքների չհավատաք, դրանք սուտ տեղեկություններ են: Ես իմ ընտանիքով Երևանում եմ, պատրաստ եմ ընդունել ցանկացած մարդու, ով կցանկանա պարզաբանում ստանալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում