ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է Հայաստանից արտահանման ծավալների ավելացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 23 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով հայտարարեց, որ ՀԱԿ-ն օրենքի նախագիծը համարում է շատ վտանգավոր և դեմ է քվեարկելու դրան:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց, որ ԲՀԿ-ն խիստ հարգելի պատճառներով չի կարողացել մասնակցել օրենքի նախագծի քննարկումներին, ուստի քվեարկելու է ձեռնպահ:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ ընդգծեց, որ օրենքի նախագիծը դրվել է քվեարկության, սակայն ինքը չգիտի, թե օրենքի նախագծի որ տարբերակն է քննարկվում: Նա նշեց, որ օրենքի նախագիծը հում է և քվեարկման ենթակա չէ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ իրենք հանձնաժողովում արդեն լրացուցիչ քննարկել են օրենքի նախագիծը, և քննարկման արդյունքում ամեն մեկն իր եզրակացություններն արել է: «Մենք առաջարկում ենք օրենքի նախագիծը՝ համապատասխան փոփոխություններով, դնել քվեարկման»,- ասաց Այվազյանը:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է շահութահարկի տոկոսադրույքը 20 տոկոսից դարձնել 2 տոկոս այն կազմակերպությունների համար, որոնք տարեկան 40-50 միլիոն դրամի արտահանում կկարողանան իրականացնել: Այդ կազմակերպությունների ծրագիրը պետք է արժանանա կառավարության հավանությանը: Սահմանվող արտոնություններից չեն օգտվի այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրանքը կիրացնեն նաև ներքին շուկայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում