Ադրբեջանին չի հաջողվի մեզ հետ խոսել շանտաժի լեզվով. Դավիթ Ջամալյան

Ադրբեջանին չի հաջողվի մեզ հետ խոսել շանտաժի լեզվով. Դավիթ Ջամալյան

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված` քիչ թե շատ կարևոր իրադարձությունից առաջ ադրբեջանական կողմը, ավանդաբար, ապակայունացնում է իրավիճակը պետական սահմանին, ինչը շանտաժի քաղաքականության տարրերից է: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը: 

Սահմանին իրավիճակն ապակայունացնելը ռազմական վերլուծաբանը պայմանավորում է նաեւ Ադրբեջանի՝ վերջին շրջանում տնտեսական խնդիրների առջեւ կանգնելու հանգամանքով: «Ալիևյան կլանը, սահմանին իրավիճակն ապակայունացնելով, փորձում է Ադրբեջանի հասարակության ուշադրությունը շեղել տնտեսական խնդիրներից: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հավելյալ պատճառներ են ի հայտ գալիս ադրբեջանական կողմում իրավիճակն ապակայունացնելու համար, մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք արժանի հակահարված տալուն»,-ընդգծել է Ջամալյանը՝ շտապելով ցավակցություն հայտնել նաեւ զոհված զինծառայողների հարազատներին: Նա ավելացրել է նաեւ, որ հենց այդ տղաների շնորհիվ է, որ այսօր վայելում ենք խաղաղություն: «Ուզում եմ հավաստիացնել, որ բանակը հաստատուն կանգնած է մեր սահմանին և ամեն մի թիզ հող պաշտպանելու վճռականություն ունի, և ադրբեջանական կողմին չի հաջողվի մեզ հետ խոսել շանտաժի լեզվով»,-հայտարարել է նա:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլին օրերս Բաքվում հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական հակամարտությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելը Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Սրան ի պատասխան՝ նախարարի խորհրդականը նկատել է, որ դժվար թե մեր երկրում գտնվի մեկը, ով անակնկալի կգա այդ հայտարարությունից: «Կարծում եմ, որ այդ հայտարարությունը հերթական անգամ պետք է սթափեցնի, ակնառու դարձնի այն, որ Ադրբեջան կոչված պետական միավորը և ադրբեջանական պրոյեկտը՝ որպես այդպիսին, ի սկզբանե թուրքական է, որ չի կարող լինել ռազմավարական հակասություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև և որ Թուրքիան էլ ավելի շահագրգռված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգմամբ, Արցախի ու Հայաստանի Հանրապետության որոշ տարածքների թրքացմամբ և օկուպացիայով»,-շեշտել է Ջամալյանը:

Ռազմական վերլուծաբանը հիշեցրել է նաեւ, որ վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությունն ավելի ինտենսիվ է դարձել: Հետեւաբար, սա շատ լավ գիտակցելով, Հայաստանը ձեռնարկում է հակընդդեմ քայլեր, «որպեսզի երկրի պաշտպանունակության մակարդակը լինի այնպիսին, որ նրանց մտքով անգամ չանցնի մեզ ուժի դիրքերից ինչ-որ բան պարտադրել»:

Ջամալյանն անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, թե քանի դեռ հայկական կողմն Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» որևէ քայլ չի արել, անիմաստ է խոսել հայ-թուրքական սահմանի բացման մասին: Նա ընդգծել է, որ Թուրքիան, տարիներ շարունակ, վարում է Հայաստանին ճնշելու, տնտեսապես թուլացնելու, զիջումների մղելու քաղաքականություն: «Հերթական անգամ համոզվում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փոխհամաձայնեցված վարում է մեր երկրին ինչ-որ բան պարտադրելու քաղաքականություն: Դա Արցախն է, բայց մենք պետք է հստակ մի բան գիտակցենք, որ մենք անգամ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք, որովհետև այդ դեպքում ձեռք ենք բերում ոչ թե խաղաղություն, այլ մի նոր պատերազմի հեռանկար, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը չի սահմանափակվում միայն Արցախով: Մենք տեսնում ենք Նախիջևանում թուրքական ազդեցության միտում, և սա հուշում է այն մասին, որ Նախիջևանը վերածվում է սպառնալիքի Հայաստան Հանրապետության համար: Հետևաբար, եթե մենք ինչ-որ բան զիջում ենք Արցախում, ապա մոտեցնում ենք նոր պատերազմ»,-եզրափակել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի խորհրդականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում