Խոջիվանքի պանթեոնում ծառատունկ կկազմակերպվի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Խոջիվանքի պանթեոնում ծառատունկ կկազմակերպվի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի հերթական նիստը՝ ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Վիրահայոց թեմի մամլո դիվանից, նիստի աշխատանքին մասնակցել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:

Հանձնախումբը քննարկել է ապրիլյան միջոցառումները մայր հայրենիքում և Վրաստանում, Թբիլիսիում և հայաբնակ շրջաններում ապրիլի 23-ին և 24-ին ծրագրված միջոցառումները անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցը:

Հանձնախմբի նախագահը` Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրել է Վրաստանում, քույր եկեղեցիներում էկումենիկ աղոթքի և հիշատակի երեկոների անցկացումը, հայաբնակ շրջաններում Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքարերի օծումը:

Կազմակերպվող միջոցառումների շարքում դասվեցին նաև Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի բեմադրությամբ Հիշատակի երեկոն, տեղերում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունը, Մեծ եղեռնի զոհ մտավորականների հիշատակին մոմավառությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վրաստան» թերթի հատուկ համարի հայերեն և վրացերեն հրատարակումը: Առաջարկվեց Թբիլիսիում հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպել 100 տնկիների ծառատունկ:

Առաջիկայում համացանցում կտեղադրվի Թբիլիսիում և շրջաններում իրականացվելիք միջոցառումների ճշգրտված ժամանակացույցը:

Վրաստանի հանձնախմբի հաջորդ նիստը կանցկացվի մարտի 23-ին Ջավախքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում