«ՀՀԿ-ի հեծանավը Գետառով լողում է, պայմաններ ստեղծեք, որ Հրազդան գետով էլ ուրիշ նավ լողա». Բանավեճ

«ՀՀԿ-ի հեծանավը Գետառով լողում է, պայմաններ ստեղծեք, որ  Հրազդան գետով էլ ուրիշ նավ լողա». Բանավեճ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը  չի կարծում, թե հայաստանյան  քաղաքական  դաշտը  սնանկ  է, միաժամանակ, մտահոգվում է, որ ընդդիմությունից մեկը մյուսի դեմ  արշավ է  սկսել: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական գործիչն ընդդիմադիրներին  հորդորեց համախմբվել և առավել կառուցողական դիրքից հանդես գալ՝ չհիասթափեցնելով հասարակությանը:

Այստեղ  Սուքիաս Ավետիսյանին հիշեցրեցին, որ մեկ գիշերվա մեջ քաղաքական մի ամբողջ ուժ փոշիացվեց, երբ վերջինս պատրաստվում էր հանրահավաքի: Ինչին ի պատասխան Ավետիսյանը վստահեցրեց, թե իշխանությունն ամեն կերպ նպաստել է, որ ընդդիմությունն իր կարծիքն արտահայտի հրապարակներում,  ԱԺ-ում, այսինքն՝ իշխանությունը մեղավոր չէ, որ ընդդիմությունը չի ցանկանում օգտվել իր ասելիքն արտահայտելու հնարավորությունից:

Ավելին՝ Ավետիսյանը պնդեց, որ ՀՀ կուսակցությունների և  ընտրությունների  մասին օրենքները ոչ մի ձևով չեն խանգարում ընդդիմությանը. «Նրանք չեն փորձում օրենքների դաշտում աշխատել, հետո մեղադրում են իշխանություններին, թե  օրենքները լավը չեն: Եթե օրենքները լավը չլինեին, ապա 5 կուսակցություն կունենայինք, ոչ թե 70: Ասում են, թե իշխանությունն է ընդդիմության խորտակման պատճառը, ոչ, ընդդիմությունն է մեկը մյուսին խորտակում՝ հայտարարելով՝ ես միակն եմ, ինձնից բացի ուրիշը  չկա: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքին, ապա ընդդիմությանը ոչ մեկ չի փոշիացրել, ընդամենն այլընտրանքին գնահատական է տրվել»:

Հանդիպմանը ներկա  ԳԽ նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը պնդեց, որ այն, որ չունենք ընդդիմություն, մեղավոր է իշխանությունը, որովհետև ոչ թե պետք է սարքել հարմար, խոցելի, պարտադրված  ընդդիմություն, այլ  օրենսդրական գործիքակազմով պայմաններ ստեղծել, որպեսզի նորմալ իշխանափոխություն տեղի ունենա: Ասել է թե՝   իշխանությունը պետք է պատրաստի իրեն փոխարինողին:

«Քաղաքական դաշտում ստեղծված գաղջ մթնոլորտի արդյունքում ունենք 70 կուսակցություն, իսկ ԱԺ-ում 70 կթվոր ու կթվորուհի, որոնք մինչև հիմա իրենց խոսքը չեն ասել: Այսօր ՀՀԿ-ի հեծանավը Գետառով լողում է, իսկ շուրջը թափթփված մակույկներ: Ինչի պայմաններ չենք ստեղծում,  որ գոնե Հրազդան գետով էլ ուրիշ նավ լողա»,- ասաց նա:

Հանդիպմանը չանտեսվեց  նաև  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթը: ՀՀԿ ներկայացուցիչը նկատեց, թե նման ելույթ նախկին նախագահը  չպետք է ունենար.«Եթե կան համակիրներ, թող նրա հետ խորհրդակցեն ու առաջարկեն, որ հասարակության առջև նման ելույթ չունենա նախկին նախագահը»:

Ազատ Արշակյանն իր հերթին  նկատեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ պետականաշինության ակունքներում կանգնած ու պատերազմում հաղթած նախագահ է՝ ունակ զրոյից ինչ-որ բան ստեղծել, մինչդեռ ժամանակին նրան և իր թիմին  չգնահատեցին.«Պատերազմում հաղթած նախագահ է և  կարող է հիմա «թուլանալ», նույնիսկ՝ հեգնել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում