Մտավորականները պնդում են, որ Հայաստանի ներկայիս զինանշանը փոփոխության կարիք ունի

Մտավորականները պնդում են, որ Հայաստանի ներկայիս զինանշանը փոփոխության կարիք ունի

Արվեստագետն ու քանդակագործը կողմ են Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշանի փոփոխությանը: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով` ներկայիս գերբը 1918 թվականին Հակոբ Կոջոյանի և Ալեքսանդր Թամանյանի նախագծած գերբի աղավաղված տարբերակն է: «Սա բացարձակապես կապ չունի 1918 թվականի զինանշանի հետ, սա խաբկանք է, որ ստեղծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Գոյություն ունի իրական զինանշան, որը պետք է վերականգնել: Այն զինանշանի մեջ առյուծի ու արծվ ի երախները բաց են, որը ուժի խորհրդանիշ է, սուրը կտրել է բռնության շղթան, իսկ այս գերբի մեջ սուրը մտցված է շղթայի մի օղակի ու վահանի մեջ ու միայն սրի բռնակոթն է երևում: Ընդհանուր առմամբ, պահված են առյուծն ու արծիվը, որոնք բացարձակապես կապ չունեն այսօրվա գերբի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Գագիկ Գինոսյանը:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը դեմ է ներկայիս զինանշանին` նշելով, որ այն հավաքականության ոգի չի արտահայտում: «Զինանշանի մեջ պետք է լինեն հավաքականությունը, ազգային ուժը, պետք է հաստատվի պետության խորհրդանիշը: Ես կողմ եմ ներկայիս գերբը փոխելուն, քանի որ այստեղ ես ոգի չեմ զգում: Չեմ տեսնում մայրերի ուժը, որ մագաղաթները շալակած բերել են, չեմ տեսել ծուխը, որ միշտ ծխացել է: Ուղղակի կա նկարչություն, կան կենդանիներ, եւ շատ նման է այլ երկրների գերբին»,-ասաց Ֆերդինանդ Առաքելյանը:

Քանդակագործն առավել կողմ է Մարտիրոս Սարյանի ստեղծած` Խորհրդային Հայաստանի գերբի վերականգմանը` որոշակի փոփոխություններով: «Սովետականն եմ բերել, իմ ամենասիրածն է: Բոլորից տարբեր է, բոլորից սիրուն է, մոնումենտալ է: Կարող են մուրճը, մանգաղը, աստղը հանել, ներքևում էլ ավելացնել հավերժության մասին Չարենցի խոսքը, բայց եթե դա չեն ուզում, թող այլ կերպ անեն, միայն թե ստեղծեն ավելի լավը»,-նշեց նա:

Ֆերդինանտ Առաքելյանն առաջարկում է, որ մասնագիտական խումբը որոշի նոր զինանշանի կառուցվածքը, որը ներկայացվի ժողովրդի դատին, և նա որոշի:

Գագիկ Գինոսյանը դեմ է խնդիրը ժողովրդի հանրաքվեին թողնելը: «Խորին հարգանքս իմ ժողովրդի նկատմամբ, բայց անկախության տարիներին տարբեր իշխանությունների ջանքերով, օտար ազդեցությունների շնորհիվ Հայաստանում ժողովրդի մակարդակն այնքան է ցածրացել, որ 1988 թվականի միտինգավորի և «Երևան Մոլում» հեռուստացույց խլողի տարբերությունն ակնհայտ է: Այն ժամանակ կարելի էր դնել հանրաքվեի, բայց ոչ այսօր: Սարերի ու ձորերի տարբերություն կա այն ժամանակվա ու հիմիկվա ժողովրդի միջև»,-ավելացրեց Գագիկ Գինոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում