Այն, ինչ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, բոլորիս համար շոկ էր. Ն. Զոհրաբյան

Այն, ինչ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, բոլորիս համար շոկ էր. Ն. Զոհրաբյան

Ես հասկանում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իհարկե, բոլորիս համար շոկ էր, ցնցում էր, և այս ժամանակը սադրիչների և պղտոր ջրում ձուկ բռնողների, տարատեսակ ինտրիգների ու սադրիչների իդեալական իրավիճակ է՝ փորձելու համար սադրել, փորձելու իրենց ենթակա տարբեր լրագրողուհիների միջոցով տարբեր անհեթեթություններ դնել շրջանառության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ «Եվ, բնականաբար, ես և «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները, նրանք, ովքեր շահագրգռված են կուսակցության պահպանմամբ, հստակ որդեգրել ենք մարտավարություն՝ չտրվել սադրանքներին, չպատասխանել սադրիչներին և չներքաշվել որևէ պրովոկացիայի մեջ: ԲՀԿ համագումարը կլինի, Գագիկ Ծառուկյանը հստակ իր դիրքորոշումը կհայտնի, և կուսակցության համագումարը կընտրի նախագահ և այնուհետ մեզ որոշակի ժամանակ պետք կլինի կուսակցության մարտավարությունը, հետագա քայլերն ու անելիքները ճշգրտելու համար», – ասել է Զոհրաբյանը։

ԲՀԿ ֆրակցիայի ղեկավարը չի ցանկացել մինչ կուսակցության համագումարի կայանալը խոսել այն մասին, թե ով կղեկավարի «Բարգավաճ Հայաստանը»։ «Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ Գագիկ Ծառուկյանից հետո, նման խարիզմատիկ, ուժեղ լիդեր ունենալուց հետո, ով էլ լինի կուսակցության նախագահը ուղղակի անասելի դժվար է լինելու, բայց մենք ունենք պատասխանատվություն մեր ընտրողների առջև, ունենք պատասխանատվություն այն մարդկանց առջև, որոնք մեզ վստահության քվե են տվել. և մենք պարտավոր ենք պահել և՛ կուսակցությունը, և՛ նաև պարտավոր ենք շարունակել առաջնորդվել միմիայն մեկ՝ ժողովրդի շահով», նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանի կարծիքով փետրվարի 12-ից հետո ինչ-որ տեղ հանրության, ժողովրդի հետ երկխոսությունը խզվեց, «բայց ես կրկնում եմ՝ գրագետ աշխատելու և ամենակարևորը՝ հանրության հետ բացարձակապես բաց ու ազնիվ աշխատելու դեպքում, վստահ եմ, որ կկարողանանք վերականգնել հանրության հետ ինչ-որ տեղ խզված այդ կապը», – վստահություն է հայտնել Ն. Զոհրաբյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում