«Հռչակագիրն ավելի կոշտ պիտի լիներ». Շիրխանյանը համաձայն չէ Տեր-Պետրոսյանի հետ

«Հռչակագիրն ավելի կոշտ պիտի լիներ». Շիրխանյանը համաձայն չէ Տեր-Պետրոսյանի հետ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համաձայն չէ մտքի հետ, թե տեղի է ունեցել  ընդդիմության ոչնչացում՝ նկատի ունենալով ԲՀԿ-ի նկատմամբ իշխանական վերաբերմունքը:

Ըստ նրա՝  տվյալ ուժը չունի գաղափարական հենք, ուստի քաղաքական պայքարի մասին խոսք լինել չի կարող,  պայքարը գնում էր  միայն իշխանությունը վերցնելու համար:

Լրագրողների հետ հանդիպմանը Վահան Շիրխանյանը հիշեց  88-ի ղարաբաղյան շարժումը, երբ Մոսկվայից և տեղի գործիչներից  պայքարողների հանդեպ   բազմաթիվ ճնշումների էին գործադրում, բայց դրանից շարժումը չփլուզվեց: Ըստ այդմ՝  ԲՀԿ առաջնորդը շատ հանգիստ կարող էր փետրվարի 20-ի հավաքը կայացնել, եթե մղածը գաղափարական պայքար  լիներ:

Վահան Շիրխանյանն ակնարկեց, թե ազգային ծրագրի անհրաժեշտություն կա, որի շուրջ հնարավոր է համախմբում բոլոր ճամբարներից:

Այստեղ պաշտպանության նախկին փոխնախարարը քննադատեց իշխանություններին, որ որևէ ուսումնասիրություն չի արվում՝ պարզելու արտագաղթի պատճառները. «Օրինակ՝ թե ինչու է երկրից գնացել Աշոտյանի պապերի Դրախտիկ գյուղի այսինչ պապիկը»:

Հանդիպմանը ներկա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անդրադառնալով  Վահան Շիրխանյանի վերևում արտահայտած մտքին, ասաց, որ ՀՀ-ում  ընդդիմությունը միշտ եղել է և կլինի, այլ հարց է, թե ինչի շուրջ են համախմբվում. «Եթե կա իշխանություն, կա նաև նրանից դժգոհ զանգված, նշանակում է կա ընդդիմություն: Այլ բան է, որ եթե ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն միասնական նպատակների շուրջ, հասարակությունը կհավատա նրանց: Մինչդեռ այդ ուժերը չկարողացան միասնական նպատակ դնել, յուրաքանչյուրն իրենն ուներ»:

Հանդիպմանը չանտեսվեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթը:

ՀՀԿ ներկայացուցիչը դրական գնահատեց, որ ՀԱԿ առաջնորդը հավատարիմ է մնացել  հայ-թուրքական և ԼՂ հարցերում  իր արտաքին քաղաքական դիրքորոշմանը:

Պաշտպանության նախկին փոխնախարարն  արտահայտեց իր անհամաձայնությունը համահայկական Հռչակագրի հետ կապված: Ըստ նրա՝ չի կարելի է խոսել  մի երկրի՝ Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելուց, երբ վերջինս չի հրաժարվել նախապայմանների լեզվից:

«Հռչակագիրը նույնիսկ ավելի կոշտ պիտի լիներ»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի քաղաքական որակումներին, Շիրխանյանը ճիշտ չհամարեց մեկնաբանելն՝ ասելով, որ նա եղել է որակումների թիրախ քաղաքական գործիչների առաջնորդը, ուստի ավելի լավ գիտի, թե ինչ ասել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում