Իրականում տաքսիստների աշխատանքային պայմանները բարելավվում են

Իրականում տաքսիստների աշխատանքային պայմանները բարելավվում են

Տևական ժամանակ է բողոքի նոր ալիք է հասունացել, որը նախօրեին հանրապետության միանգամից մի քանի քաղաքներում բողոքի ակցիաների հանգեցրեց: Տաքսիների վարորդները բողոքում են լիցենզավորման կարգում կառավարության կողմից կատարված փոփոխությունների դեմ, ըստ որի՝ տաքսիների ներկայիս դեղին համարանիշները կփոխարինվեն սովորական սպիտակ համարանիշներով, ամեն ամիս նրանք 12 հազար դրամ գումար կվճարեն լիցենզիայի համար։ Բացի այս, պարտադիր պայման է լինելու, որ տաքսիները կահավորված լինեն հաշվիչ սարքերով, ու բնական է` վարորդները բողոքում են այս ամենի դեմ: Բողոքի հիմնական թեզն այն է, որ այդ գումարը սոցիալական ներկայիս պայմաններում հնարավոր չէ մուծել և որոշումը, ըստ այդմ, պետք է կասեցնվի:

Այո, Հայաստանում սոցիալական ծանր իրավիճակ է և թվում է, թե նման կարգավորումները դեմ են քաղաքացիներին ու խոչընդոտում նրանց հանապազօրյա հացի խնդիրը լուծելուն: Ու այդ ամենի ետևում մենք կարծես թե մոռանում ենք կամ միտումնավոր չենք ուզում տեսնել այն դրականը, որ այս կամ այն փոփոխությունն իր հետ բերում է:

Որոշ ժամանակ անց նույն այդ վարորդները, որ այսօր բողոքում են 12 հազար դրամ վճարելու պարտադրանքից, մոռանալու են դրա մասին, ինչպես ժամանակի ընթացքում մոռացան բացասական երանգավորում ունեցող իրենց տեսակետները ԱՊՊԱ համակարգի ներդման մասով: Ու ավելի քան համոզված ենք, որ այդպես էլ լինելու է:

Ի վերջո, լիցենզավորման կարգը մի շարք կարևոր փոփոխություններ է առաջարկում, որոնց հիմքում ընկած է մեր բոլորիս անվտանգությունը: Համաձայնեք, ինչ-որ տեղ շտապելիս, տանից դուրս գալիս կամ փողոցում տաքսի բռնելիս մենք քիչ ենք ֆիքսվում այնպիսի խնդրի վրա, թե ո՞վ է այն մեքենայի ղեկին, ում մենք X ժամանակով վստահելու ենք մեր կյանքն ու առողջությունը:

Լիցենզավորման կարգի այս փոփոխությունները լուծում են նաև սույն խնդիրը, երբ տաքսի կանգնացնելիս մենք այլևս ապահովված ենք լինելու (խոսքը գլոբալ ապահովության մասին չէ իհարկե), քանզի վստահ ենք լինելու, որ տվյալ անձը տաքսի վարելու համար լիցենզիա ունի ու դա իր ԱՇԽԱՏԱՆՔՆ է: Դա են վկայելու տաքսու տարբերանշանները, որոնք մեքենան կտարբերակեն մյուս մեքենաներից: Եվ ոչ թե նրան ծխախոտի գումար է հարկավոր, նա մեքենան ծնողից կամ ընկերոջից է վերցրել, կամ էլ ծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո սեփական մեքենայով ուզում է ուղևորներ փոխարդրելով ընդամենը գումար վաստակելու համար:

Բողոքն առ այն, որ պետք է հաշվիչ սարքավորումներ տեղադրվեն ևս անհիմն է, քանզի որքանով վարորդներն ուզում են գումար վաստակել, այնքան մենք բոլորս` տաքսուց օգտվողներս, ուզում ենք մեր գումարը խնայել ու տեղ հասնելուն պես անակնկալի չգալ, որ երեկա այդ նույն ճանապարհի համար 1000 դրամ ենք վճարել, բայց այսօրվա վարորդը, իր իսկ քմահաճույքից ելնելով, 1500 դրամ է պահանջում:

Խնդիրը նրանում չէ, որ մենք կարող ենք մեր իրավունքները պաշտպանել, պահանջել արդարություն կամ ոչինչ չպահանջել ու գումարը վճարել, բայց հետո ամբողջ օրը այդ վատ նստվածքով անցկացնել: Խնդիրը նրանում է, որ ծառայություն մատուցելը պետք է ավելորդ անգամ չշեղի մարդկանց` ոչ վարորդներին, ոչ էլ ուղևորներին ու ամենքը պետք է վստահ լինի, որ դիմացինն իրեն չի խաբում:

Ինչ վերաբերում է ամսական 12 հազար դրամ վճարելու պահանջին, ապա մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ անգամ եթե այդ 12 հազար դրամի փոխարեն սահմանվեր 1000 դրամ վճարելու պահանջը` միևնույն է բողոքելու էին: Այո, դժվար է գումար վաստակել, դժվար է հարկեր վճարել, բայց իրականում խնդրին կարելի է փոքր-ինչ այլ կերպ մոտենալ ու հասկանալ, որ օրական 300-400 դրամ հետ գցելով ամսվա վերջ այդ 12 հազար վճարը ոչ մի ծանր բեռ չի հանդիսանա … բայց, կրկնենք, մարդու հոգեբանությունն է այդպիսին:

Եվս մեկ նկատառում. ցավոք, հայաստանյան ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ հաճախ մարդկանց միտումնավոր շեղում են խնդրի էությունից ու չեն բացատրում կամ ճիշտ չեն ներկայացնում այդ կամ այն փոփոխության կարևորությունը` սեփական նկատառումներից ելնելով ու ինչ-ինչ դիվիդենտներ շահելով:

Բողոքի ակցիա անելը դարձել է նորաձև, որոշակի թվաքանակով մարդ հավաքելը դարձել է no problem` միայն թե հայտարարես, որ պատրաստվում ես նրանից հարկ հավաքել ու պատրաստ է` բողոքավոր զանգվածը կհավաքվի ցանկացած օր, ցանկացած վայրում: Բայց եկեք մի փոքր ավելի գրագետ մոտենանք խնդիրներին, ամենակարևորը` փորձենք կարդալ այն, ինչ փոփոխվում է ու հասկանանք այն, ինչ բարելավվում է:

Հայկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում