Ես եմ՝ իմ հեռախոսի համարը, ո՞նց կարող է դա համարվի հանրամատչելի տվյալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ես եմ՝ իմ հեռախոսի համարը, ո՞նց կարող է դա համարվի հանրամատչելի տվյալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Աժ-ում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանին  առաջարկեց  կոնկրետացնել՝ ո՞րն է անձնական տվյալը, ո՞րն է չափանիշը, ո՞վ է այն չափելու: Փաշինյանը տպավորություն է ստացել, թե այն, ինչ թույլատրված չէ օրենքով, համարվելու է արգելված.

«Հիմա հեռախոսի համարը ընկնո՞ւմ է այս օրենքի տակ, թե՞ չի ընկնում, դա հանրամատչելի՞ է, թե՞ հանրամատչելի չի: Ես եմ՝ իմ հեռախոսի համարը, ո՞նց կարող է դա համարվի հանրամատչելի տվյալ: Մտավախությունս հետևյալն է, որ տեղեկատվության և  մամուլի ազատության առումով այս նախագիծը ռիսկեր է պարունակում: Ես չեմ ուզում ասել, որ սա արվում է  սահմանափակում մտցնելու նպատակով, բայց ակնհայտ է, որ կան սողանցքներ, որոնք անհրաժեշտության  դեպքում  կամ չարամտորեն կարող են կիրառվել այդ նպատակով»:

Փաշինյանի մտահոգությունը Արփինե Հովհաննիսյանն ընդունեց՝ նկատելով, որ ձևակերպումները տարածական են, իսկ օրենքի նախագիծը մշակված եվրոպական չափանիշների հիման վրա:

«Մասնակից պետությունները պետք է նախատեսեն բացառություններ անձնական տվյալների մշակման առումով, որոնք իրականացվում են բացառապես  լրագրողական գործունեության նպատակներով, ինչպես նաև գեղարվեստական կամ գրական ստեղծագործությունների համար: Եթե լրագրողական ազատությունների շրջանակներում Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններ որոնելու, գտնելու, ստանալու ազատության իրավունքի իրացումն է, այդ համատեքստում է խնդիրը դիտարկվում, ապա այդ բացառությունը պետք է նախատեսված լինի օրենքով, որպեսզի ԶԼՄ-ների վրա որեւէ կերպ այս օրենքի դրույթների սահմանափակումները չտարածվեն»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը:

Վերջինը պատգամավորի մյուս մտահոգության մասով էլ հիշեցրեց, որ   պաշտոնապես հանրամատչելի համարվում են անուն-ազգանուն, ծննդյան թիվ, վայր, մահվան վայրն ու ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք գիտակցված գործողությունների արդյունքում են հրապարակվել. «Օրինակ, բազմաթիվ  հաղորդագրություններ եք ստանում ձեր հեռախոսահարներին տարբեր խանութներից, բայց դուք ձեր համարը չեք տվել: Այո, դա կարող է համարվել անձնական տվյալ, ընդ որում՝ ոչ հանրամատչելի: Եթե դուք ինչ-որ մեկին դա տված լինեք, դա   կարող է դառնալ հանրամատչելի անձնական տվյալ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում